Հնդկական ապրանքների երեւանյան ամենամյա ցուցահանդես-վաճառքը մայիսին տեղի չի ունենա: Այս մասին NEWS.am-ի թղթակցին տեղեկացրին Առեւտրարդյունաբերական պալատի գործարարության աջակցության բաժնից: Հնդկական ապրանքների ցուցահանդեսն անորոշ ժամանակով հետաձգվել է, հնարավոր է, որ այն կայանա հոկտեմբերին:
NEWS.am-ի հարցին, թե ի՞նչ պատճառներով է ցուցահանդեսը հետաձգվել, Առեւտրարդյունաբերական պալատից պատասխանեցին, որ պատճառը հնդկական կողմի զբաղվածությունն է, քանի որ նրանք ցանկանում էին գալ ապրիլին, սակայն չստացվեց: «Մենք պատրաստ էինք, իրենց մոտ խնդիրներ կային»,- ասացին Առեւտրարդյունաբերական պալատից:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե հնարավոր է հնդկական կողմը որեւէ բանից դժգո՞հ է մնացել կամ բավարար շահույթ չի՞ ստացել, NEWS.am-ի զրուցակիցը դա բացառեց` նշելով, որ իրենք միշտ գոհ են մնում թե’ պայմաններից, թե’ շահույթից եւ նախորդ տարին էլ բացառություն չի եղել:
NEWS.am-ը զանգահարեց նաեւ Հայաստանում Հնդկաստանի դեսպանատուն, որտեղից եւս հայտնեցին, որ ցուցահանդեսը տեղի չի ունենա, հետաձգվել է մի քանի ամսով:
Նշենք, որ արդեն երեք տարի է մայիսին ՀՀ Առեւտրարադյունաբերական պալատի եւ Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան նախաձեռնությամբ կազմակերպվում է հնդկական ապրանքների ցուցահանդեսը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում («Դինամո»):





























