«Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանը ապրիլի 15-ին մի շարք հարցեր է հղել Վերահսկիչ պալատի (ՎՊ) նախագահին, այդ թվում` թե ինչո՞ւ մինչ օրս ՎՊ-ի կողմից սոցիալական ոլորտում բացահայտած եւ հասարակության մեջ մեծ արձագանք ստացած  կոռուպցիայի աղաղակող փաստերը չեն փոխանցվել դատախազությանը, ինչպես այդ մասին ԱԺ-ում բարձրաձայնել է Արդարադատության նախարարը:

Ա. Բախշյանը ցանկանում է իմանալ, թե ո՞ւմ շահերն է պաշտպանում ՀՀ վերահսկիչ պալատը: Նա տարակուսելի է համարել, որ «իրապես հասարակական շահը պաշտպանող ընդդիմադիր քաղաքական գործչին  զսպելու կեղտոտ նկատառումներով նրա եղբորը` Տիգրան Փոստանջյանին, ոմն Հ.Ս.-ի բանավոր հաղորդման հիման վրա ապօրինի մեղադրում,  նստեցնում են 19 հոգանոց պատժախցում, որտեղ ընդամենը 8 մահճակալ կա, մինչդեռ նման աղաղակող փաստերի դեպքում, ըստ որում` հայտնաբերված պետական մարմնի կողմից, որեւէ կասկածյալ կամ մեղադրյալ չկա»:

Պատգամավոր Բախշյանի նամակում մասնավորապես նշվում է.

«ՎՊ-ի վերջին հաշվետվության մեջ սոցիալական ոլորտի պաշտոնյաների կողմից  պետական բյուջեի միլիարդների յուրացումը` որպես  կոռուպցիայի ու կաշառակերության աղաղակող փաստեր, չեն փոխանցվել դատախազությանը, վերջինս էլ այդ հաշվետվությանը չի արժանացրել անհրաժեշտ ուշադրության:

Իմ հարցերին, թե մինչեւ երբ կոալիցիայի անդամ պաշտոնյա լինելը պետք է վահան ծառայի հայտնի կաշառակերների ու կոռուպցիոներների համար եւ  երբ է իսկապես արդարադատություն հաստատվելու Հայաստանում, արդարադատության նախարար պարոն Թովմասյանը պատասխանեց.

«Որպես արդարադատության նախարար` հետամուտ կլինեմ այդ գործերին: Ինչ վերաբերում է Սոցիալական ապահովության հիմնադրամի խնդիրներին, ապա այդ փաստերը արձանագրելը եւ դատախազությանը փոխանցելը Վերահսկիչ պալատի գործառույթն է, որը անկախ մարմին է, անկախ է նաեւ դատախազությունը, եւ այս առումով որոշակի ճնշում կամ վերահսկողություն այս մարմինների նկատմամբ Կառավարությունը, ըստ էության, չունի»:

«Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` խնդրում եմ 10-օրյա ժամկետում պատասխանել, թե Վերահսկիչ պալատի կողմից ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտքերի ապահովման, պետական սեփականության կառավարման եւ օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ հրապարակված հաշվետվության մեջ  արձանագրված եւ հասարակության մեջ մեծ արձագանք ստացած  կոռուպցիայի մասին աղաղակող փաստերն ինչո՞ւ չեն փոխանցվել դատախազությանը: Ո՞ւմ շահերն է պաշտպանում ՀՀ վերահսկիչ պալատը»: