Իտալիայում այսօր կեսօրից երկաթուղային տրանսպորտի աշխատակիցները համընդհանուր գործադուլի են դուրս եկել: Գործադուլի մեկնարկը հայտարարել է առաջատար արհմիություններից մեկը երկրի հյուսիսում՝ Լոդի քաղաքում, արագընթաց գնացքի վթարից հետո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Գործադուլն անցկացվում է՝ ի նշան «մարդկային կյանքի նկատմամբ հարգանքի» եւ վթարի հետեւանքով զոհված երկաթուղային տրանսպորտի աշխատակիցների ընտանիքների հետ սոլիդարության: Գործադուլին մասնակցում են այդ ոլորտի բոլոր ընկերությունները: Հայտարարելով ակցիայի մասին՝ արհմիությունների ղեկավարները նշել են «տեղի ունեցած միջադեպի բացառիկ լրջությունը»:
Նախօրեին առավոտյան Frecciarossa արագընթաց գնացը, որը Միլանից Սալերնո էր ուղեւորվում ժամում 290 կմ արագությամբ, ռելսերից դուրս է եկել Լոդի քաղաքում: Վթարի հետեւանքով 2 մարդ է զոհվել, 31-ը վիրավոր է:
Լոդիի դատախազությունը գործ է հարուցել մարդկանց մահվան փաստով: «Իտալական երկաթուղային ցանցեր» ազգային ընկերությունը սկսել է հետաքննել միջադեպի բոլոր հանգամանքները:
Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին՝ նշելով, որ նրանք զոհվել են իրենց աշխատանքի վայրում: Պետության ղեկավարը կոչ է արել անհապաղ պարզել միջադեպի պատճառները՝ տրանսպորտի անվտանգության քաղաքացիների իրավունքն ապահովելու համար:




























