Հայաստանում գործում է շուրջ 1400 ձեռնարկություն` հայ-ռուսական կամ ամբողջովին ռուսական կապիտալով: Այս մասին այսօր` ապրիլի 19-ին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած «Դեպի միջտարածաշրջանային համագործակցության նոր ձեռքբերումներ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում» հայ-ռուսական միջտարածաշրջանային առաջին համաժողովի լիագումար նիստում:

«ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ մեր հանդիպումների պարբերական բնույթը, միջպետական համագործակցության բոլոր մակարդակներում առկա մշտական կապերը հաստատում են լայն սպեկտրով` եւ՛ քաղաքական, եւ՛ տնտեսական, եւ՛ հումանիտար ոլորտներում փոխգործակցության զարգացման երկկողմ ձգտումը»,- ասել է նա:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի նախագահը նշել է, որ Հայաստանում ռուսական կապիտալով ընկերությունների ներդրումային պորտֆելի ծավալը մոտենում է երեք մլրդ դոլարի եւ այդ ցուցանիշներն աճի միտում ունեն, այն դեպքում, երբ համաշխարհային տնտեսությունը դեռ չի վերականգնվել ճգնաժամի հետեւանքներից:

«Այսպիսի ներուժ եւ հեռանկարներ մենք տեսնում ենք մեր երկրների տարածաշրջանների միջեւ կապերի զարգացման մեջ: Այսօր արդեն միջտարածաշրջանային համագործակցության մեջ ներգրավված են Հայաստանի բոլոր մարզերը եւ Ռուսաստանի ավելի քան 70 սուբյեկտ: Իսկ դա նշանակում է, որ այդպիսի հարթակը պահանջված է, այն օժանդակում է գործնական հարցերի լուծմանը, խթանում` նոր ներդրումների եւ տեխնոլոգիաների ներգրավումը, նորարարությունների աճը»,-ասել է Հանրապետության ղեկավարը:

Սերժ Սարգսյանը եւ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինն այցելել են նաեւ մարզահամերգային համալիրում բացված արդյունաբերական նորարարությունների հայ-ռուսական միջտարածաշրջանային ցուցահանդես, որտեղ առաջին անգամ ներկայացվում են երկու երկրների բազմաթիվ նորարարական նախագծեր եւ տեխնոլոգիաներ:

Ցուցահանդեսը դիտելուց հետո ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը եւ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը ներկա  կգտնվեն միջկառավարական եւ միջտարածաշրջանային մակարդակներում երկու երկրների միջեւ համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողությանը:

Նշենք, որ համաժողովին մասնակցել են նաեւ Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը, Տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը, երկու երկրների նախարարությունների, գերատեսչությունների, ՌԴ ավելի քան 20 սուբյեկտների եւ ՀՀ մարզերի ներկայացուցիչներ, գործարարներ, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ: