Ուհան քաղաքում կորոնավիրուսի բուժման համար ժամանակավոր հոսպիտալներից մեկի բուժաշխատողները որոշել են մի փոքր ուրախացնել պացիենտներին եւ հենց հոսպիտալում կազմակերպել են Չինաստանում շատ սիրված «պարահրապարակային պարեր», հոլովակն արագ տարածվել է լրատվամիջոցներում եւ համացանցում՝ ամբողջ Չինաստանում չափազանց դրական արձագանքներ ստանալով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պաշտպանական հանդերձանքով, ակնոցով, դիմակով եւ ձեռնոցներով երկու բուժքույրեր որոշել են մի փոքր լիցքաթափել հիվանդանոցային մթնոլորտը, երաժշտություն են միացրել եւ չինական երգերի առույգ ռիթմի տակ սկսել պարել, պացինետները եւս երկար չեն սպասեցրել, եւ որոշ ժամանակ անց տասնյակ կանայք՝ մեկը փափուկ բաճկոնով, մյուսը պիժամայով, երրորդը խալաթով սկսել են պարել հետեւի պլանում:
Բուժքույրերից մեկը՝ Չեն Սյաոյանը «Չժունսինվան» լրատվական պորտալին ասել է, որ գործընկերոջ հետ ցանկացել են մթնոլորտը լիցքաթափել, ներգրավել պացիենտներին, ստիպել նրանց ոտքի կանգնել մահճակալներից եւ ընդարմացումից մի փոքր դուրս գալ, որ նրանց տրամադրությունը բարձրանա հիվանդության դեմ պայքարելու համար:
Չնայած այս հոսպիտալում պացիենտները վարակված են կորոնավիրուսով, նրանց հիվանդության ընթացքը թեթեւ է, ուստի ֆիզիկական պարզ վարժությունները եւ պարերը միայն օգտակար էին:
«Աբու» նիկը կրող աղջիկը, որը բուժում է ստանում «Ֆանցան» հոսպիտալում, պարը նկարահանել է հեռախոսով եւ բեռնել համացանց, նա գրել է, որ «երաժշտությունը եւ պարերը մարդկանց են վերադարձնում վաղուց կորցրած ժպիտը»:
Չինաստանում անչափ տարածված են այգիներում եւ հրապարակներում պարերը, երբ երեկոյան քաղաքի բոլոր շրջաններում տարեց եւ երիտասարդ կանայք հավաքվում են մեկտեղ, երաժշտություն միացնում, վերնազգեստները եւ պայուսակները մի կույտ անում եւ սկսում սովորել առանձին շարժումներ, իսկ ավելի ուշ բոլորը միասին պարում են: Եվ այդպես գրեթե ամեն օր: Հաճախ բազմության մեջ կարելի է տեսնել նաեւ տղամարդկանց, առավել հաճախ զանգվածային պարերով զբաղվում են թոշակային տարիքի մարդիկ, որ տանը մենակության մեջ չնստեն եւ մկանները մարզեն:




























