Ռուսաստանում 2 շաբաթ ուշացումով, կապված եղանակային պայմանների հետ, սկսվել է հացահատիկայինների գարնանացանը։ Նշենք, որ այս երկրում հացահատիկայինների հետ կապված իրավիճակն անդրադառնում է նաեւ հայաստանյան շուկայի վրա, քանի որ Ռուսաստանը ցորենի եւ մի շարք այլ կուլտուրաների հիմնական մատակարարն է։
Ռուսաստանում ցորենի շուկայի իրավիճակի հետ կապված հետաքրքիր հրապարակում է ներկայացնում «Տրուդ» թերթը։ Ըստ այդ հրապարակման՝ ցորենի արտահանման էմբարգոյի պատճառով ռուս ֆերմերները կորցրել են հետարքրությունը ցորենի նկատմամբ՝ նախապատվությունը տալով հնդկաձավարին եւ բրնձին։ Ու չնայած դրան՝ ցորենի գները ռուսական շուկայում սրընթաց անկում են ապրում։ Մեկ տոննա ցորենը Ռուսաստանում կարելի է ձեռք բերել 5300 ռուբլով (մոտ 188 դոլար), այնինչ 1 ամիս առաջ այն արժեր 6400 ռուբլի (մոտ 227 դոլար):
Նկատենք, որ ցորենի գների որոշ անկում առկա էր նաեւ եվրոպական եւ ամերիկյան շուկաներում։ Սակայն վերջին օրերին եղանակային պայմանների վատթարացումը խանգարեց Հյուսիսային Ամերիկայի եւ Եվրոպայի գարնանացանին, ինչի հետեւանքով ցորենի գները որոշ աճ ապրեցին, թեեւ շարունակում են մնալ ավելի ցածր մակարդակի վրա, քան փետրվարին էր։ Վերջին տվյալով՝ ամերիկյան փափուկ ցորենը Չիկագոյի բորսայում վաճառվում է տոննան 288 դոլարով, իսկ ֆրանսիական բարձրորակ ցորենը Փարիզի բորսայում՝ 360 դոլարով։ Այս գները մոտ 5-10 տոկոսով ավելի ցածր են փետրվարի համեմատ։
Ի՞նչ են խոստանում այս զարգացումները Հայաստանին։ Ալյուրի գինը մեր ներքին շուկայում բավական զգայուն է արձագանքում 2 գործոնի՝ միջազգային շուկայի գներ եւ դրամ/դոլար փոխարժեք։
Միջազգային շուկայի գները բավական տատանողական վարքագիծ ունեն, ինչի պատճառով գնի կարճաժամկետ նվազումները ալյուրի ներքին գների վրա համարյա չեն անդրադառնում։ Սակայն երկարաժամկետ կտրվածքով՝ սպասվում է ցորենի գնի կայունացում։ Ռուսաստանում այս տարի թեեւ ցորենի ցանքատարածությունները կրճատվել են, սակայն եղանակային պայմանները բարենպաստ են, սպասվում է ցորենի մոտ 85 մլն տոննա բերք։
Ռուս ֆերմերներն ավելի ու ավելի հաստատակամորեն պահանջում են կառավարությունից՝ վերացնել ցորենի արտահանման էմբարգոն, որ երկարաձգվել է մինչեւ 2011 թ. հոկտեմբեր։ Մեծ է հավանականությունը, որ այդ էմբարգոն, այնուամենայնիվ, կհանվի ավելի շուտ, ու Հայաստանը հնարավորություն կստանա համեմատաբար էժան ռուսական ցորեն ներմուծելու։
Ցորեն ներկրողների համար իհարկե տհաճ էր դրամի արժեզրկումը։ Հայտնի է, որ ալրաղացներն ալյուրի ինքնարժեքը հաշվարկում են դոլարով, այնուհետեւ փոխարժեքից կախված սահմանում մեծածախ գին։ Այսինքն՝ փոխարժեքի տատանման հետ կապված բոլոր ռիսկերը փոխանցվում են սպառողին։ Ապրիլի 20-ի դրությամբ Սուրմալու տոնավաճառում 1 պարկ (50 կգ) առաջին կարգի ալյուրը վաճառվում է 12,4 հազ. դրամով։
Այսինքն՝ վերջին 1 ամսվա կտրվածքով ալյուրի գնի փոփոխություն գրեթե չկա։ Սա նշանակում է, որ ցորեն ներմուծող կազմակերպությւունները կարողացել են համեմատաբար էժան աղբյուրներ գտնել՝ չեզոքացնելով դրամի արժեզրկման ազդեցությունը ալյուրի գնի վրա։
Սամվել Ավագյան




























