Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանում տրանսպորտի եւ ենթակառուցվածքների ոլորտում իրականացվելիք ներդրումային ծրագրերին:
Այս մասին նա հայտարարել է այսօր` ապրիլի 20-ին Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանից, հանդիպմանը մասնակցել է նաեւ դեսպանության տարածաշրջանային տնտեսական ծառայության Կովկասի եւ Թուրքմենստանի հարցերով ղեկավար Դանիել Պատան եւ դեսպանատան տնտեսական հարցերով կցորդ Ժուլիեն Վալկովը:
Դեսպանի խնդրանքով նախարարը մանրամասն ներկայացրել է տրանսպորտի եւ ենթակառուցվածքների ոլորտում իրականացվելիք ներդրումային ծրագրերը, այդ թվում` «Հյուսիս հարավ» ավտոմայրուղու, «Հյուսիս-հարավ» եւ Վանաձոր-Ֆիալետովո երկաթգծերի կառուցման ծրագրերի ընթացքը: Նախարարը դեսպանին առաջարկել է, որպեսզի վերոնշյալ ծրագրերի իրականացմանը մասնակցեն նաեւ ֆրանսիական ընկերությունները:
Մ.Վարդանյանն անդրադարձել է դեպի «Զվարթնոց» օդանավակայան նոր ճանապարհի, երկաթգծի եւ մետրոպոլիտենի կառուցման խնդիրներին, ինչպես նաեւ ընդհանուր տրանսպորտային հարցերին, այդ թվում` ավոտկայարանային տնտեսությունը կոնցեսիոն կառավարման հանձնելու նախագծին:
Նախարար Մ.Վարդանյանը կարեւորել է ֆրանսիական փորձի փոխանակումը հատկապես հեռուստատեսության թվայնացման ոլորտում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Հեռահաղորդակցության միջազգային միության կողմից Հայաստանին հատակացված ուղեծրային կետերի համատեղ շահագործման հնարավորությունները:





























