Բոլոր երկրներում էլ տնտեսական եւ քաղաքական ուժերի միջեւ կապեր կան, նույնիսկ՝ Վատիկանում: Այսօր՝ ապրիլի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց միջազգային փորձագետ, Գերմանիայի տնտեսական մրցակցության հանձնաժողովի նախագահի տեղակալ Քուրդ Շթոքմանը: Նա օրինակ բերեց գերմանական ավտոմոբիլաշինական «Օպել» ընկերությանը, որը չի սնանկանում միայն այն բանի շնոհիվ, որ վայելում է կառավարության աջակցությունը:

Սակայն, ըստ Շթոքմանի, անցումային երկրներում խնդիրներ են առաջանում այն պատճառով, որ նմանատիպ կապերը ձեւավորվում են բացառապես խոշոր ընկերությունների հետ: Իսկ Գերմանիայում, օրինակ, ՀՆԱ-ի երկու երրորդը ստեղծում են փոքր եւ միջին ընկերությունները, որոնք նույնպես վայելում են քաղաքական ուժերի աջակցությունը:

Փորձագետի խոսքով՝ կառավարությունն ամեն տեղ էլ թշնամի է մրցակցությանը, սակայն առանց կառավարության աջակցության մրցակցությունը չի կարող արդյունավետ լինել: Օրինակ՝ կառավարությունը իրականացնում է սուբսիդավորում, պետական գնումներ, պրոտեկցիոնիստական քայլեր եւ այլն: Այդ ամենը կարող է հանգեցնել մրցակցության աղավաղման: Սակայն, մյուս կողմից, եթե կառավարությունը միջոցներ ձեռք չառնի, ապա  մրցակցությունը ինքնահոսի դեպքում կարող է մահանալ: