Երեւանի ընդհանուր իրվասության դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ այսօր՝ մարտի 3-ին, հարցաքննվեցին «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի՝ «Ֆլեշի Բարսեղի» 2 որդիները՝ Նարեկ եւ Հայկ Բեգլարյանները։
Ըստ դատակոչի ցուցակի առաջինը հարցաքննվեց Նարեկ Բեգլարյանը, որը հրաժարվեց դատարանում ցուցմունք տալ։ Դատարանը որոշեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը։
Գործով վկա Հայկ Բեգլարյանն էլ դատարանին ասաց, որ շարունակում է պնդել նախաքննության ժամանակ տված իր ցուցմունքը։ Դատարանը կրկին հրապարակեց նախաքննության ժամանակ տված վկայի ցուցմունքի հրապարակմանը։
««Ֆլեշ մոթորս» ընկերության պատճառված վնասի պատճառը վերաբերյալ քննարկում անցկացրինք, որին ուշացումով ներկայացավ նաեւ Մկրտումյանը։ Քննարկման ժամանակ Մկրտումյանի նկատմամբ սպառնալիքներ չեն հնչեցվել, բռնություն չի կիրառվել։ Հովսեփյանն էլ Մկրտումյանի հետ չի շփվել։ Հովսեփյան 30 րոպե նստելով, միայնակ դուրս է եկել։ Մկրտումյանի անձնական հեռախոսահամարը չունեմ»,- ասվում է իր նախաքննական ցուցմունքում։
Հրապարակումից հետո վկան հրաժարվեց կողմերից որեւէ մեկի հարցերին պատասխանել։
Նշենք, որ դատական նիստին շարունակվում է գործով վկաների հարցաքննությունը։
Հիշեցնենք, որ «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին եւ «Ֆլեշ» ՍՊԸ-ի «Քանաքեռ» բազայի պետ Հրայր Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված բռնություն գործադրելու սպառնալիքներով ինքնիրավչություն կատարելու համար։ Հրայր Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին, իսկ Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվել է։





























