Վերջերս մեզ մոտ ցանկացած առիթով խուճապային նորություններ տարածելու ավանդույթ է ստեղծվել, սյժմ այդպիսի առիթ է դարձել կորոնավիրուսը: Այս մասին մարտի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:
Նրա խոսքով` հարկավոր միայն հետեւել հիգիենայի կանոններին, նույնիսկ` համաճարակի բացակայության դեպքում: Ըստ ԱՀԿ-ի ստանդարտների՝ համաճարակ է համարվում հիվանդությունը, որի հետեւանքով մահացությունը հասնում է 7 տոկոսի, իսկ կորոնավիրուսից մահացությունը երկու տոկոս է կազմում: «Այդ թիվը հեռու է համաճարակից: Հետաքրքիր է, որ այս ընթացքում ավելի քան 3 հազար մարդ է մահացել, մինչդեռ գրիպից 100 հազար մարդ է մահացել, բայց այդ առումով նման խուճապ չկա»,- շեշտեց նա:
Արմեն Պողոսյանը հավելեց, որ սննդի շուկայում խուճապը նույնպես անիմաստ եւ անհիմն է: «Ինչ վերաբերում է բժշկական դիմակների պակասին, ապա դա կարելի է փոխհատուցել` երկու կամ երեք շերտ մառլյա օգտագործելով»,- նշեց նա:
Միեւնույն ժամանակ, փորձագետը կասկածի տակ է առել ուսումնական հաստատությունները մեկ շաբաթով փակելու Հայաստանի իշխանությունների որոշման արդյունավետությունը, քանի որ, փորձագետների կարծիքով, վիրուսը մինչեւ մայիս չի նահանջի:



























