Փողոցում դիմակ կրելն անօգուտ է, այն իմաստ ունի կրել բազմամարդ վայրերում, օրինակ՝ տրանսպորտում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր Արմենակ Համբարձումյանը:
Նա նշեց, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակված միակ քաղաքացին մեկուսացվել է եւ այժմ գտնվում է Ծաղկաձորում, իսկ նրա հետ նույն վայրում գտնվող անձինք վերահսկողության տակ են գտնվում: «Նրա հետ գրագետ աշխատանք է տարվում: Օդանավակայանում բժիշկները շատ լավ են կատարում իրենց աշխատանքը»,- վստահեցրեց Համբարձումյանը:
Ինչ վերաբերում է սննդի ռեժիմին, ապա նրանց այլ հիվանդություններից պաշտպանելու համար սնունդը անհրաժեշտ է ջերմային մշակման ենթարկել: «Այժմ Ռուսաստանում, ԱՄՆ-ում եւ այլ երկրներում պատվաստանյութի ստեղծման աշխատանքներ են տարվում»,- նկատեց նա:
Համբարձումյանը պարզաբանեց, որ նոր կորոնավիրուսից մահացությունը բարձր է, քան գրիպից, որից մահացությունը կազմում է 1 տոկոս: «Սա արդեն աշխարհում երրորդ կորոնավիրուսի բռնկումն է: Առաջին երկուսը տեղի են ունեցել 2002 եւ 2012 թվականներին: Առաջին դեպքում մահացությունը կազմել է 10 տոկոս, երկրորդի դեպքում՝ 35 տոկոս: Այժմ ամբողջ աշխարհում միայն 10 տոկոսի մոտ է հիվանդությունը ծանր ընթացք ստանում»,- եզրափակեց Արմենակ Համբարձումյանը:



























