«Արարատ գրուպ» ՍՊԸ-ին հնարավորություն տրվեց մինչեւ 2015 թ.  դեկտեմբերի 30-ը երկարաձգել «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների նկատմամբ հաշվարկված հարկերի վճարումը: Այսօր՝ ապրիլի 21-ին նման որոշում ընդունեց ՀՀ կառավարությունը։

Հայաստանի Հանրապետությունում հանքային ջրերի եւ ոչ ալկոհոլային խմիչքների արտադրություն կազմակերպելու նպատակով «Արարատ գրուպ» ՍՊԸ-ն (/բաժնետեր` Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության «Մարթոն ֆորեսթ գրուպ լիմիտեդ» կազմակերպություն) ՀՀ տարածք է ներմուծել ժամանակակից տեխնիկա եւ տեխնոլագիաներ:

Վերոհիշյալ ծրագիրն իրականացնելու նպատակով արդեն իսկ կատարվել են մոտ 12,5 մլն դոլարի չափով ներդրումներ` Արտաշատ քաղաքում շենքեր եւ շինություններ կառուցելու եւ  ժամանակակից սարքավորումներ ներմուծելու նպատակով: Ընդհանուր առմամբ՝ 2011 թ. ներդրումների քանակը կկազմի մինչև 27 մլն դոլար: Արդյունքում կստեղծվի մինչեւ 220 նոր աշխատատեղ` հետագայում այդ քանակը կրկնապատկելու ակնկալիքով:

Այդ իսկ նպատակով 2009 թվականի հունիսի 5-ին ընկերությունը ֆինանսական վարձակալության պայմանագիր է կնքել «Մարթոն ֆորեսթ գրուպ լիմիտեդ» կազմակերպության հետ եւ հանրապետության տարածք է ներմուծել սարքավորումների մի խմբաքանակը։ Նախապես «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը սահմանվել էր մեկ տարի, սակայն կառավարությունն այսօր որոշեց հնարավորություն տալ այն երկարաձգել մինչեւ ֆինանսական վարձակալության պայմանագրի ավարտը։