Քաղաքական հայտնի շրջանակները կուրթանցի Մեխակ Առաքելյանին սարքել են դրոշ, թե՝ այ, տեսեք, ինչ է կատարվում Հայաստանում: Այս մասին այսօր՝ մարտի 11-ին, Սիսիանում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երկու օր առաջ Ստեփանավանում իր եւ կուրթանցի երիտասարդի միջեւ տեղի ունեցած խոսակցությանը:
«Բա, այ խելոքներ, Մեխակը ձեր իշխանության վախտ է ծնվել, մեծացել, տունը կորցրել ու չի ստացել: Բա ինչի՞ մինչեւ հիմա չեք լուծել Մեխակի հարցը: 50 անգամ խոսել եք աղետի գոտի հասկացությունը վերացնելու մասին, բա խի՞ չեք վերացրել: Բա Մեխակն ինչի՞ է այդ առողջական վիճակին, եւ մենք ի՞նչ ենք արել, որ Մեխակն այդ առողջական վիճակին չլինի:
Ես տվյալներ ունեմ մեր սերնդի առողջական վիճակի մասին: Բա ձեր իշխանության օրոք են էդ երեխեքը ծնվել, մեծացել: Եկեք նայենք, տեսնենք, թե մինչ 20 տարեկան բնակչության քանի տոկոսն ունի առողջական խնդիրներ: Դա է ձեր իշխանության գնահատականը»,-ասաց Փաշինյանը:
Նա հավելեց, որ հիմա իրենք եկել են իշխանության եւ արդեն մինչեւ 18 տարեկանների բուժսպասարկումն անվճար է. «Աղետի գոտու մասին եք ասում. 2018-2019 թվականներին մենք 4 մլրդ դրամ ենք հատկացրել, որ աղետի գոտու այն մարդկանց նկատմամբ, որոնց հանդեպ պետության պարտավորությունը ֆիքսված է, մենք այդ մնացած 600-700 ընտանիքների հարցն ենք լուծում, որոնց հարցը 1991-ից սկսած չի լուծվել: Մենք 2020 թվականին 3 մլրդ դրամ ենք հատկացրել, իսկ 2017-ին հատկացվել է 500 մլն դրամ, 6 անգամ մեծացրել ենք:
Մանկատան 300 սաներին, որոնց պետությունը 2001 թվականից տուն է պարտք, 2020-ին են նրանք տուն ստանում, որովհետեւ մենք բյուջեից դրա համար 2 մլրդ դրամ հատկացրինք: Ադրբեջանից բռնագաղթած 200 ընտանիքի բնակարանային հարցը լուծելու համար 1,9 մլրդ դրամ ենք հատկացրել: Բա ո՞ւր էին նախկին իշխանությունը եւ նրանց ակտիվիստները: Ձեր բարձունքներից ընկաք, նո՞ր սկսեցինք մեխակներին նկատել:
Կամ դուք քանի՞ անգամ էիք ձեր ավտոն կանգնացրել, ճանապարհի եզրին կանգնած մարդուն մոտեցել ու հարցրել՝ ի՞նչ խնդիր ունեք: Ձեր կորտեժները վզզալով անցնում էր, 5 կմ այս կողմ, 5 կմ այն կողմ փակած: Դուք ե՞րբ եք քաղաքացու հետ շփվել, ե՞րբ են մարդիկ ձեր երեսը տեսել, այ «ոչիստներ»,-հայտարարեց Փաշինյանը:





























