Բեռլինի իշխանությունները մինչեւ ապրիլի կեսին Զատկի արձակուրդների վերջը արգելել են ավելի քան 1000 մարդու մասնակցությամբ բոլոր միջոցառումները, որպեսզի դանդաղեցնեն կորոնավիրուսի տարածումը, հայտնում է Reuters-ը։
«Կորոնավիրուսը շարունակում է տարածվել։ Այս փուլում հասարակական կյանքը պետք է սահմանափակ լինի»,- ասել է Բեռլինի առողջապահության նախարար Դիլեկ Կալայսին։
«Կորոնավիրուսի տարածումը կարելի է դանդաղեցնել՝ կրճատելով հիմնական միջոցառումները։ Համաճարակի սկզբում նման սահմանափակումը կարեւոր է»,- հավելել է նա։
Վերջին տվյալներով՝ Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1139-ի, երկու մարդ մահացել է։





























