Հայաստանում հաճախ քաղաքավարությունից կարող են խախտել կիբեռհիգիենայի կարեւոր կանոններից մեկը։ Այս մասին այսօր «Կիբեռանվտանգ Հայաստան» քննարկումների ժամանակ հայտարարեց Ucom ընկերության տեղեկատվական անվտանգության բաժնի ղեկավար Կարեն Գասպարյանը։

Նա նշեց, որ հաճախ է բախվում այնպիսի իրավիճակի հետ, երբ մարդիկ համակարգչի կամ փոստի գաղտնաբառը տալիս են ուրիշին՝ դրանով իսկ ձգտելով ցույց տալ իրենց լավ վերաբերմունքը գործընկերոջ հանդեպ։ Հայ օգտատերերի եւս մեկ առանձնահատկությունը տարօրինակ թեսթերի հանդեպ սերն է, օրինակ՝ «Ով ես դու եղել անցյալ կյանքում» կամ «Արքայադուստրերից որն ես դու»։ Նմանօրինակ թեսթերը, նշեց մասնագետը, անձնական տվյալներ հավաքելու մեխանիզմ են, այդ պատճառով, կիբեռանվտանգության շահերից ելնելով, անհրաժեշտ է ձեռնպահ մնալ դրանց ակտիվ օգտագործումից։ «Եղել են այնպիսի դեպքեր, երբ թեսթն առաջարկել է ստուգել, թե որքանով է պաշտպանված ձեր վարկային քարտը։ Ստուգման համար պահանջվել է ներմուծել ձեր քարտի բոլոր տվյալները, որից հետո համակարգը պատասխանել է, որ քարտը հիանալի պաշտպանված է։ Թեեւ այդ պահից սկսած՝ դա բոլորովին էլ այդպես չի եղել»,- հայտարարեց նա։

Խարդախներից ձեր ֆինանսները պաշտպանելու համար մասնագետը խորհուրդ է տալիս համացանցում գնումների համար առանձին քարտ օգտագործել եւ այդ քարտի վրա այնքան գումար գցել, որքան նախատեսվում է ծախսել որոշակի գնում կատարելու համար։ Բացի այդ, Գասպարյանը խորհուրդ է տալիս ակտիվացնել առանց բացառության բոլոր փոխանցումների sms-ծանուցումները։ «Շատ հաճախ մանր գործարքների դեպքում, օրինակ 1000 դրամի, sms-ծանուցումները չեն օգտագործվում։ Դրանից օգտվում են խարդախները։ Նրանք փոխանցում են 1000-ական դրամ, արդյունքում ամսվա վերջին, տեսնելով միջոցների անբավարարությունը, դուք դա կապում եք որեւէ տոկոսի կամ բանկային ծառայությունների վճարման հետ, այն դեպքում երբ խաբեբայի զոհ եք դարձել»,- հայտարարեց նա։

Խոսելով կիբեռհիգիենայի հիմնական կանոնների մասին՝ Գասպարյանը նշեց, որ պետք է լրջորեն վերաբերել գաղտնաբառերի կազմմանը, դրանք պետք է առնվազն 8 նիշերից կազմված լինեն, որոնց թվում՝ մեծատառեր, փոքրատառեր, թվեր եւ նշաններ։ Նույն գաղտնաբառը չի կարելի տարբեր տեղերում օգտագործել։ «Եթե ձեզ համար դժվար է հիշել բոլոր գաղտնաբառերը, դուք կարող եք օգտվել password manager ծրագրց»,- խորհուրդ տվեց մասնագետը։ Գասպարյանի խոսքերով՝ անընդունելի է անտեսել թարմացումները, քանի որ մեծ մասամբ դրանք ուժեղացնում են կիբեռանվտանգությունը։ Նաեւ չի կարելի անտեսել հակավիրուսային ծրագրերը։

Ոչ պակաս կարեւոր են հետեւյալ կանոնները՝ չվստահել բաց Wi-Fi-ներին, հեռախոսում չմիացնել Wi-Fi-ը եւ ձայնային օգնականին, երբ դրանք չեն օգտագործվում, օգտագործել տարբեր էլեկտրոնային փոստեր՝ աշխատանքի համար, ընկերների համար եւ համացանցում գրանցվելու համար, երբեք հետ չզանգել, եթե զանգել են արտասահմանյան անծանոթ համարից։ Գասպարյանը նաեւ կոչ արեց հատուկ ստիկերներով փակել հեռախոսների նկարահանող խցիկները, երբ դրանք չեն օգտագործվում։ «Խցիկները հաքերների հիմնական թիրախն են, դրանց շնորհիվ կարելի է հեշտությամբ ներխուժել ձեր անձնական կյանք, իսկ հետո ձեզ շանտաժի ենթարկել»,- նշեց նա։ Մասնագետի խոսքերով՝ ներխուժման ավելի ենթակա են անդրոիդները։