Ավագ դպրոցների ուսուցիչների, աշակերտների եւ ուսանողների մասնակցությամբ այսօր Երեւանում մեկնարկել է «Կիբերանվտանգ Հայաստան» տեղեկատվական արշավը։ Միջոցառմանը ներկա է եղել նաեւ ՀՀ ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալ Ժաննա Անդրեասյանը։
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարարի տեղակալը նշել է, որ ժամանակակից աշխարհում գրեթե բոլորն առնչվում են տեղեկատվական տեխնոլոգիաներին, կիբերտիրույթին: «Այսօր շատ գիտնականներ կարծում են, որ երեխան պետք է ունենա տարրական հմտություններ՝ ինչպես վարվել կիբերտարածքում, որը իհարկե, կարեւոր խնդիր է՝ եւ՛ անվտանգության, եւ՛ արդյունավետության, եւ՛ կրթության որակի եւ համապատասխանության տեսանկյունից: Իսկ երեխաների անվտանգության մասին խոսելիս, պետք է հաշվի առնել նաեւ վաղ մանկությունը։ Ըստ վիճակագրության՝ ԱՄՆ-ում 3-4 տարեկան երեխաների 50 տոկոսն առնչվում է համացանցին, իսկ սա նշանակում է, որ պետք է ունենանք մատչելի եւ հասկանալի կարգավորումներ՝ կիբերտարածքում երեխաների անվտանգ վարքը եւ գոյակցումն ապահովելու համար»,-նշել է Ժ․ Անդրեասյանը՝ ընդգծելով, որ մանկավարժական մոտեցումները տարբեր են՝ տեխնոլոգիական կրթությունը սկսել ավելի շուտ տարիքի՞ց, թե՞ մինչեւ 12 տարեկանը ձեռնպահ մնալ դրանից:
«Այսօր կրթության ոլորտի բարեփոխումներից մեկը հանրակրթության բովանդակության, առարկայական չափորոշիչների, այդ թվում՝ հանրակրթության պետական չափորոշչի փոփոխության հարցն է, եւ դրա համատեքստում մենք քննարկում ենք նաեւ՝ ինչպես կազմակերպել տեխնոլոգիական կրթությունը հանրակրթության ոլորտում, որ մակարդակից եւ ինչպիսի արդյունք ակնկալել վերջում: Բոլոր հնարավոր ռիսկերն ու մարտահրավերները հաշվի առնելու համար նախատեսում ենք այդ թեմայով նաեւ հանրային քննարկում կազմակերպել: Մենք երեխային պետք է զինենք համապատասխան գիտելիքով եւ հմտություններով, նրան բացատրենք այդ տարածքում գտնվելու բոլոր հնարավոր վտանգները»,-ընդգծել է նախարարի տեղակալը:
Արշավին մասնակցել են նաեւ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գեւորգ Հայրապետյանը եւ «Յուքոմ» տեղեկատվական անվտանգության բաժնի ղեկավար Կարեն Գասպարյանը։
Միջոցառման հեղինակ եւ կազմակերպիչ, կիբերանվտագության մասնագետ Անահիտ Պարզյանը նշել է, որ տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց, աճում է նաեւ մեր կախվածությունը թվային գործիքներից, ուստի անհրաժեշտ է կրթվել ապահով լինելու համար:
Նշենք, որ Կիբերանվտանգ Հայաստան» տեղեկատվական արշավը նպատակ ունի ուսուցիչներին, աշակերտներին եւ ուսանողներին ներկայացնել կիբեռտիրույթում առկա վտանգները եւ դրանցից պաշտպանվելու հիմնարար սկզբունքները։ Արշավի հիմնական թեմաներն են՝ կիբեռբուլինգ, կիբեռթրաֆիքինգ, անվտանգ օնլայն գնումներ, համակարգչային խաղեր, ինչպես նաեւ կիբեռհիգիենա։ Մասնակիցները կսովորեն նաեւ ձեւավորել դրական թվային հետք, ինչը ներկա եւ ապագա հաջողության թվային ուղին է։
Միջոցառման աջակիցներն են՝ WARSAW Euro-Atlantic Summer Academy, College 0f Europe, Fulbright Poland, The German Marshal Fund of the United States, The Balkan Trust for Democracy, China-Eurasia Council for Political and Strategic Research Foundation, Polish American Freedom Foundation:





























