ՀՀ Սփյուռքի նախարարության լուծարման հետևանքով Սփյուռքում տեղեկատվական բնույթի աշխատանքների իրականացման համար կատարվող գործառույթները՝ փոխանցվել են ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի   և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին։ Այս մասին որոշում է կայացվել կառավարության այսօրվա՝ մարտի 12-ի նիտում:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում ստեղծվել է նոր ստորաբաժանում` 7 հաստիքային միավորով, որը զբաղվելու է նշված աշխատաքների իրականացմամբ։

Խոսքը «Հայերն այսօր» թերթի մասին է, որը լայնորեն լուսաբանում է Սփյուռքի հայկական համայնքներում կատարվող մշակութային, քաղաքական, տնտեսական իրադարձությունները, ինչպես նաև Սփյուռքում ապրող հայազգի բարերարների և նրանց կատարած բարեգործությունների մասին, հարցազրույցների միջոցով հայությանը ծանոթացնում է աշխարհի տարբեր երկրներում բնակվող ճանաչված, տարբեր բնագավառներում լուրջ հաջողությունների հասած, ինչպես նաև մեծահարուստ հայերի մասին:

Վերը նշվածի արդյունքում փոփոխություններ են իրականացվել ՊՈԱԿ-ի հաստիքացուցակում, ՀՀ կառավարության 26.12.2019թ.-ի N1972-Ա որոշման համաձայն ՊՈԱԿ-ին անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով տրմադրվել է 167.3 քառ. մ. տարածք՝ պետական սեփականություն հանդիսացող Նալբանդյան 28 հասցեում գտնվող վարչական շենքում։

Որոշմամբ առաջարկվում է ՀՀ վարչապետի աշխատակազմին 2020 թվականի պետբյուջեով հատկացված միջոցներից 35 մլն դրամն ուղղել «Հանրային իրազեկում» ծրագրի «11001» «Հանրային իրազեկում և հասարակական-քաղաքագիտական հետազոտություններ» միջոցառմանը՝  ՊՈԱԿ-ի հաստիքացուցակում ավելացված հաստիքների և անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով հատկացված 167.3 քառ. մետր տարածքի պահպանման ծախսերի ֆինանսավորման համար:

Լուսաբանվելու են հասարակական-քաղաքական, տնտեսական, մշակութային-մարզական բոլոր նշանակալից իրադարձությունները, արտաքին և ներքին քաղաքականությանը վերաբերող զարգացումները:

Ուշադրության կենտրոնում են լինելու նաև այն իրադարձությունները, որոնք առնչված են լինելու հայկական իրականության առանցքային զարգացումներին։