Հայաստանի Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հանձնարարությամբ ստեղծել է հատուկ հանձնաժողով, որում ընդգրկված են էլցանցերի, նախարարության ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, ավագանու անդամներ եւ այլք, որոնք կուսումնասիրեն Արմավիրի մարզ Գայ գյուղի բնակիչների էլեկտրաէներգիայի հսկայական պարտքերի խնդիրը եւ կարճ ժամկետում լուծում կտան: Այս մասին այսօր`ապրիլի 22-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը:
«Հնարավորին արագ պետք է խնդիրը տեղում ուսումնասիրել եւ լուծում տալ»,- ասաց մամուլի քարտուղարը: Մեր հարցին, թե կարճ ժամկետ ասելով`կոնկրետ ի՞նչ ժամանակահատվածի մասին է խոսքը, Լուսինե Հարությունյանը չնշեց`խոստանալով, որ ապրիլի 26-ին այլ մանրամասներ կհաղորդի:
Նշենք, որ Արմավիրի մարզի Գայ գյուղի բնակիչները նախազգուշացման թերթիկներ են ստացել, որում նշված է, որ էլեկտրաէներգիայի պարտքեր ունեն եւ եթե չվճարեն, կվերցնեն իրենց գույքը: Ամբողջ Գայ գյուղի վրա գրվել է մոտ 45 մլն դրամի էլեկտրաէներգիայի պարտք: «Ժառանգություն» պատգամավոր Անահիտ Բախշյանն NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ գյուղացիները ունեն կտրոններ, որոնք վկայում են, որ իրենք ժամանակին վճարել են սպառած էլէներգիայի համար:
Երեկ Գայ գյուղի բնակիչները էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության մոտ բողոքի ցույց էին արել եւ նախարարությունից նրանց խոստացել էին, որ կստեղծվի հանձնաժողով, որն այսօր կգնա գյուղ եւ տեղում կուսումնասիրի խնդիրը:





























