Այսօրվանից Պուլկովոյում Հայաստանի քաղաքացի Ավետիս Պողոսյանը հայտարարել է հացադուլ: Այդ մասին պատմել է նրա փաստաբան Նատալյա Եֆիմովան, հաղորդում է Մեգապոլիս-ը:
Օտարերկրացին ժամանել է Իսպանիայից, որտեղ աշխատում է որպես շեֆ խոհարար ռեստորաններից մեկում: Սակայն սահմանապահները թույլ չեն տվել նրան գնալ Պետերբուրգ մուտքի արգելքի պատճառով:
Բանն այն է, որ անցած տարի դատարանը վճռել էր թույլ չտալ Պողոսյանին մուտք գործել Ռուսաստան ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու երկու տուգանքների պատճառով: Սակայն շեֆ խոհարարը բողոքարկել էր այդ որոշումը, եւ վերին ատյանի դատարանը բավարարել էր նրա բողոքը:
Այդուհանդերձ, երբ տղամարդը ժամանել էր Պուլկովո, սահմանապահները հայտարարել էին, որ չեն տեսնում տվյալների բազայում նշում արգելքը չեղարկելու մասին եւ չեն կարող թույլ տալ նրան դուրս գալ օդանավակայանից: Այդ պատճառով արդեն երեք օր է՝ սկսած մարտի 11-ից, Պողոսյանը բնակվում է Պուլկովոյում, հաղորդում է «Դելովոյ Պետերբուրգ»-ը:





























