Ռուս ռազմական ոստիկանները ժամանել են թուրք զինծառայողների հետ Սարաքիբ քաղաքի արեւմտյան ծայրամասի տարածք Իդլիբ նահանգում М4 մայրուղու հատվածում համատեղ պարեկային ծառայություն անցկացնելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Պարեկային ծառայությունը պլանավորված է անցկացնել Ռուսաստանի եւ Թուրքիայի առաջնորդների միջեւ Մոսկվայում մարտի 5-ին ձեռքբերված պայմանավորվածությունների շրջանակում: Ծառայությունը պետք է մեկնարկի М4 մայրուղում Թրումբ բնակավայրից (Սարաքիբից 2 կմ արեւմուտքում):
Համատեղ պարեկային ծառայությունը պետք է ոչ միայն ապահովի Սիրիայի համար կարեւոր М4 մայրուղու երկայնքով (Լակատիայից մինչեւ Հալեպ) խաղաղ քաղաքացիների անվտանգ տեղաշարժը, այլ նաեւ երաշխավորի տարածաշրջանում զինված հակամարտության վերսկսման անթույլատրելիությունը, նշում է գործակալությունը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի ղեկավար Թայիփ Էրդողանը մարտի 5-ին Մոսկվայում կայացած բանակցությունների ընթացքում պայմանավորվել են հրադադարի եւ մի շարք այլ միջոցառումների մասին, որոնք ուղղված են իրավիճակի կարգավորմանը սիրիական Իդլիբ նահանգում: Նրանց կողմից ձեռք բերված պայմանավորվածությունները նախատեսում են, որ Իդլիբում ռազմական գործողությունները շփման ողջ երկայնքով դադարեցվելու են մարտի 6-ին: Մոսկվան եւ Անկարան վերահաստատել են իրենց աջակցությունը Սիրիայի ինքնիշխանությունը պահպանելու վերաբերյալ եւ պայմանավորվել են շարունակել վճռական պայքարը ահաբեկչության դեմ:





























