Բաթումում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը, այս մասին հայտնի է դարձել երեկ երեկոյան` լաբորատոր արդյունքների ստացումից հետո, հայտնում է Աջարական հեռուստատեսությունը:
Աջարիայի ԻՀ-ի կառավարությունը հատուկ ճեպազրույց է անցկացրել` բնակչությանը հանգստացնելու եւ իշխանությունների պատրաստակամության մասին հայտնելու համար: Ըստ Աջարիայի վարչապետ Թոռնիկե Ռիժվաձեի` խուճապի համար պատճառ չկա:
«Բաթումելեբի» պարբերականի համաձայն` Վրաստանի քաղաքացին մի քանի օր առաջ էր Քութայիսիի օդանավակայանով վերադարձել Եվրոպայից, եւ այս բոլոր օրերին գտնվել է կարանտինում: Վարակված կինը տեղափոխվել է Բաթումիի ինֆեկցիոն հիվանդանոց, նրա վիճակը կայուն է:
«Այսօր Աջարիայում հաստատվել է կորոնավիրուսի առաջին դեպքը: Մեր բժիշկներն անում են հնարավոր ամեն ինչ, եւ իրավիճակը կայուն է: Կառավարությունն աշխատում է հանձնարարականների ուղղությամբ: Ես ուզում եմ բնակչությանը խնդրել խուճապի չմատնվել, մենք դրա համար հիմք չունենք: Մենք կընդունենք այս մարտահրավերը: Աշխատում են բոլոր գործակալությունները, հատկապես` բժշկական հաստատությունները»,- ասել է Թոռնիկե Ռիժվաձեն:
Հայտնի է, որ վարակված կինը չի շփվել այլ մարդկանց եւ ընտանիքի անդամների հետ: Նա ինքն է հայտնել ջերմության առկայության մասին եւ տեղափոխվել է հատուկ առանձնացված վայր:




























