Հնդկաստանը այցելուների համար կփակի Թաջ Մահալը՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում, հայտնել է զբոսաշրջության նախարարությունը։
Դպրոցների եւ զվարճանքի վայրերի մեծ մասը, այդ թվում՝ կինոթատրոնները, արդեն փակ են Հնդկաստանի ողջ տարածքում, որը աշխարհում երկրորդն է բնակչության թվով (1,3 մլրդ), հայտնում է AFP-ը։ Երկրում գրանցված է կորոնավիրուսի 114 հաստատված դեպք, երկու մարդ մահացել է։ «Բոլոր հուշարձաններն ու թանգարանները մինչեւ մարտի 31-ը փակ կլինեն»,- գրել է զբոսաշրջության նախարար Պրահլադ Պատելը։
Հնդկաստանը նաեւ արգելել է Եվրոպական միությունից, Թուրքիայից եւ Մեծ Բրիտանիայից զբոսաշրջիկների մուտքը։
Արաբական Միացյալ Էմիրություններից, Կատարից, Օմանից եւ Քուվեյթից ժամանող կամ այդ երկրներից տրանզիտով ուղեւորները Հնդկաստանում պարտավոր են 14-օրյա կարանտին անցնել։ Հարեւան Բանգլադեշի եւ Մյանմայի հետ սահմանային կետերի մեծ մասը փակ է։





























