Գերմանիայի կառավարությունը նոր կորոնավիրուսի բռնկման ֆոնին գերմանացիներին նախազգուշացրել է զերծ մնալ արտերկիր ցանկացախ ուղեւորությունից` դրանով իսկ խստացնելով նախորդ գիծը: Մինչ այժմ Գերմանիայի արտգործնախարարությունը նախազգուշացրել էր միայն արտասահմանյան այն ուղեւորությունների մասին, որոնք անհրաժեշտություն չեն, փոխանցում է DW-ն:

«Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի արտասահմանում նորանոր գերմանացիներ մնան: Խնդրում ենք մնալ տանը»,- հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մասը:

Մասը նաեւ հայտնել է գերմանացի զբոսաշրջիկների` հայրենիք տարհանման համար «օդային կամրջի» նախապատրաստման մասին: Ըստ նրա` կառավարությունն այս կարիքների համար մինչեւ 50 միլիոն եվրո կհատկացնի: Նախեւառաջ, նախատեսվում է տարհանել գերմանացի զբոսաշրջիկներին Մարոկկոյից, Դոմինիկյան հանրապետությունից, Ֆիլիպիններից, Եգիպտոսից եւ Մալդիվներից: Վերջին օրերին SARS-CoV-2 նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման ֆոնին շատ երկրներ փակել են սահմանները եւ դադարեցրել օդային հաղորդակցությունը:

Գերմանական տուրօպերատորները նախօրեին հայտարարել էին Գերմանիայի արտգործնախարարության աջակցությամբ գերմանացի զբոսաշրջիկների տարհանման նախապատրաստման մասին, սակայն մանրամասների չէին հայտնել: Գերմանիայի ԱԳՆ-ն նախազգուշացնում է զերծ մնալ արտասահմանյան ցանկացած ուղեւորությունից` բացառությամբ միայն մարդկանց կյանքին եւ առողջությանը սպառնալիքի դեպքերի: