Վարկային արձակուրդը ֆինանսական համակարգի համար չափազանց լուրջ խնդիր է։ Այս մասին NEWS.am-ին ասել է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը։ «Խոշոր առումով, բանկային համակարգի, վարկատուների մոտ ազատության աստիճանը մեծ չէ, որ նրանք կարողանան ռեզերվները հանել եւ նման իրավիճակում վարկային պարտավորությունների կտրվածքով ավելի մեղմ ռեժիմներ սահմանել։ Դա կարող են անել մի քանի բանկեր, այն էլ պարզապես գործունեության որոշակի տեսակների համար, որոնք չափազանց կարեւոր են։ Եւ այդպիսի գործունեություն իրականացնողների աշխատանքը կասեցնելը կամ դանդաղեցնելը ցանկալի չէ մեր հասարակության համար», նշել է նա։
Ըստ Վ.Բոստանջյանի՝ բանկերն ունեն մեկ խնդիր, նրանք հատուկ ապրանք են վաճառում, դա փողն է. «Փողն ունի գին։ եթե նրանք որոշակի պարտավորություններ պետք է կրեին, ինքն էլ պարտավորություններ է կրում ավանդատուների նկատմամբ։ Եթե դիմացի պարտավորությունները փորձի զրոյացնել, ապա ինքն է հայտնվում ռիսկային գոտում։ Դրա համար մոտեցումը պետք է շատ ոսկերչական լինի, պատկերավոր ասված, եւ բոլոր դեպքերում, եթե որոշ տնտեսավարող սուբյեկտներին պարզապես մերժում են աջակցել կամ վարկային արձակուրդ տրամադրել, երբեւիցե դրա համար պետք չէ զարմանալ։ Պետությունն էլ իր հերթին կարող է սուբսիդավորում անել որոշ դեպքերում, բայց պետությունն էլ մեծ ու լայն հնարավորություններ չունի, չի կարող բոլոր գործունեություն իրականացնողներին այս դժվար վիճակից դուրս հանել։ Դրա համար բոլոր խնդիրները ենթարկվում են գնահատման, ամենաառաջնահերթ խնդիրները լուծելով իջնում ենք մինչեւ այն պահը, որտեղ մեր պոտենցիալ հնարավորությունները կարող են չբավարարել»։
Տնտեսագետի խոսքով՝ խոշոր կամ առհասարակ տնտեսվարողների պարագայում բանկը կարող է զիջումների չգնալ, բայց բոլորն էլ շատ լավ գիտեն, որ վարկառուների մեծ մասը անհատներն են՝ օրավարձով աշխատոներ.
«Օրավարձով աշխատողները իսկապես հայտնվել են սարսափելի դժվար դրության մեջ։ Նրանք առանց այդ էլ վարկային ճնշման տակ արդեն ունեին դժվարություն, հիմա այս դժվարությունը ավելի է մեծացել, մինչեւ մի քանի անգամ։ Հիմա մենք, ժողովրդական լեզվով ասած, իրավունք չունենք «հոնքը շինելու փոխարեն աքն էլ հանել»։ Բանկային խողովակին հանգիստ ասենք՝ բոլորին օգնեք, վաղը մեր ֆինանսական համակարգը կկանգնի խիստ ճգնաժամի առաջ, առանց այդ էլ վատ վիճակում ենք, եթե մտածենք բացառապես հիմա աջակցելու մասին։ Այստեղ կառավարությունը պետք է քայլերի դիմի, իսկապես մենք հայտնվելու ենք բարդ վիճակում»։
Անապահովների աջակցության ծրագրի վերաբերյալ Վ.Բոստանջյանն ասել է, թե հիմա կառավարությունը բիզնեսի համար եւ սոցիալապես խոցելի խավերի համար առանձնացրել է գումարներ, չնայած դրանք շատ քիչ են եւ անբավարար։
«Բայց երեւի լուծումներից մեկը դա է։ Նման իրավիճակներում պետք է ամենավերջին հնարավորությունները կառավարությունն օգտագործի, որպեսզի որոշ ժամանակով մարդիկ կարողանան դուրս գալ այս ճգնաժամից։ Մենք այսպիսով հայտնվում ենք դժվար կամ անլուծելի խնդիրների առաջ։ Կառաջարկեի, որ օրինակ պետական աշխատողները, որ հիմա հանգամանքների բերումով պետք է չհաճախեն աշխատանքի, շփումները սահմանափակեն, նրանց նկատմամբ կարելի է կիրառել որոշակի զսպումներ, ինչն էլ օրենսդրական խնդիրներ կարող է առաջացնել, եւ դրանց միջոցով օգնել մյուս ավելի աղքատ խավերին։ Թող 30 տոկոսով պակաս ստանան, այդ գումարները փոխանցվեն ավելի խոցելի խմբերին։ Բազմաթիվ գումարներ կան, օրինակ հանրաքվեի համար դրամահավաք եղավ, պահեստային ֆոնդից 3,5 միլիարդ դրամ առանձնացրեցին հանրաքվեի համար, պետք է ուղղվեն այդտեղից, եւ ոչ միայն այդ երկու, այլեւ զանազան այլ աղբյուրներից։ Բացի սրանից առողջապահական համակարգը՝ բժիշկներն են շատ ծանր կացության մեջ հայտնվել, առանց այդ էլ բարձր աշխատավարձ չէին ստանում։ Հիմա նրանք ոչ միայն ավելի շատ էներգիա են ծախսում, այլեւ գտնվում են վտանգի գոտում։ Չեմ ուզում խուճապի մատնվենք, ցանկացած պարագայում պետք է դիմակայենք այս ամենին։ Բայց դիմակայելու համար պետք է որոշների, այսպես ասած, ճոխությունը զսպել, դա վերաուղղել անելանելի վիճակում գտնվող խավերին։ Գուցե պարգեւավճարներ չվճարվեն հենց այդպես պետք է լինի, երկիրը այդպես պետք է շարժվի։ Ես ստանում եմ համեմատաբար ավելի բարձր աշխատավարձ, այդ աշխատավարձով ես լավ լինեմ, մնացածը կործանվե՞ն, ո՞նց կարելի է նման բան։ Դա շատ մարդկային է, շատ պետական է, շատ ազգային է։ Այսօրվա ամբողջ կնճռոտ պահն էլ հենց դա է, որ որոշում կայացնողները կարծես այնքան էլ լավ չեն այդ առումով»։
Միակ լուծումն, ըստ Վ.Բոստանջյանի, հետեւյալն է. բազմաթիվ ծրագրեր կային, որոնք պետական բյուջեով 2020 թվականի համար նախատեսված էին, պետք է դրանք տեղափոխեն, առայժմ դրանց իրագործումը տեղափոխվի ավելի ուշ ժամանակի եւ մյուս կողմից էլ այլ եկամուտների հավասարաչափ բաշխման մասին մտածել։
«Եթե դժվարություներն արդեն իսկ առաջանան, իսկ, Աստված մի արասցե, եթե շարունակվի, դրանք ավելի են խորանալու։ Բազմաթիվ ծրագրեր պարզապես հնարավոր չի լինի իրականացնել։ Բացի այդ մենք կարող ենք լրացուցիչ պարտքային միջոցներ հայթայթել։ Հո չենք ասի քաղաքացուն՝ գնա, ինչ ուզում է թող պատահի քեզ հետ»։
Պարտքային միջոցները, տնտեսագետի համոզմամբ, պետք է չափազանց արդյունավետ օգտագործվեն. «Հիմա այն տարբերակը չէ, որ նորից շպրտվում է բանկային խողովակ, որպեսզի տոկոսները բարձրանան, մարդիկ ընկնեն տոկոսների տակ, սա գոյատեւման խնդիր է։ Յուրաքաչյուր պետություն ունի իր հարկաբյուջետային քաղաքականությունը, որը պետք է նման իրավիճակներում ունենա որոշակի ճկունություն, ինչպես նաեւ դրամավարկային քաղաքականություն։ Սրանց միջոցով պետք է որոշակիորեն կարգավորվի պահանջարկ-առաջարկ հարաբերակցությունը, իսկ դա հնարավոր է։ Անհնարին բան չկա։ Պարզապես պետք է գտնել այդ տարբերակը»։
ԿԲ-ն, Վարդան Բոստանջյանի խոսքով, ՀՀ շուկայական հարաբերությունների անցման ժամանակահատվածում ամենակայացած ինստիտուտն է. «Մեր սուղ ֆինանսական հնարավորությունների պայմաններում ֆինանսական շուկայում հարաբերական կայունությունը, ինչպես նաեւ գների ոլորտում, դա առաջին հերթին հենց ԿԲ-ի եւ բանկային համակարգի «շնորհքն» է։ Իր ունեցած դրամավարկային քաղաքականության գործիքներով ԿԲ-ն հենց այս պահին էլ ամեն ինչ անում է, որպեսզի հարաբերական կայունություն ապահովի։ Բայց եթե բացասական պրոցեսները շարունակվեն, արդեն բավարար չեն լինի ԿԲ-ի գործիքները, որովհետեւ կայունությունը ֆինանսական շուկայում ապահովվում է ոչ միայն դրամային իշխանությունների միջոցով, առավել եւս պետք է տնտեսական համակարգը, այսինքն տնտեսվարող սուբյեկտներն ու արդյունավետ աշխատանքը հանկարծ չնահանջեն։ Եթե նահանջեն, ԿԲ-ն իր գործիքներով չի կարող կայունություն ապահովել։ Դրա վառ վկայությունը հենց արտարժույթի տարբերությունը։ Հիմա ամուր արժույթները՝ դոլար, եվրո, նույնը մնացին, դեռ բարձրանում էլ են, իսկ մերն արժեզրկվում է։ Դա առաջին հերթին գալիս է մեր թույլ տնտեսությունից։ Կոպիտ ասած՝ թույլ մարդը թեթեւ քամուց կարող է հիվանդանալ, իսկ առողջ մարդու վրա մինչեւ անգամ ջերմաստիճանի ամենամեծ տատանումները կարող են չազդել։ Նույնը տնտեսության հետ է։ Եթե մեր տնտեսությունը ոչ արդիականությամբ կարողանում էր որոշակի հարաբերություններ կարգավորել, հիմա, երբ հայտնվել ենք ծանր վիճակում, որոշակիորեն նահանջում է»։
Ըստ Վ.Բոստանջյանի՝ տարադրամային ապահովվածությունը մեզ մոտ գալիս է տուրիզմից․ «2019 թվականին զբոսաշրջությունից ամսական ՀՀ տնտեսություն մուտք է գործել 150 միլիոն դոլարի չափով գումար։ Դա Հայաստանի համար չափազանց «սիրուն» փող է։ Նման իրավիճակում այդ հոսքը կտրուկ պակասելու է։ Մյուսը մեր հանքահումքայի արտադրությունն է. ունենք պղնձի խտանյութ, որ արտահանում էինք, ՀՀ արտահանման 30 տոկոսը հանքահումքային ոլորտից է։ Պղնձի գները միջազգային շուկաներում ընկել են, ինչպես նաեւ պահանջարկն է փոքրացել։ Նշանակում է՝ այստեղի էլ տարադրամի պակաս կլինի, զբոսաշրջությունից էլ տարադրամի պակաս կլինի, հետո օտար երկրներում աշխատող մեր հայրենակիցների տրանսֆերտները էականորեն փոքրանում են։ Եվ այս պարագայում շոկային վիճակներ կարող են առաջանալ դրամական շուկայում»։




























