Արդեն ավելի քան 120 փոքր եւ միջին ձեռնարկություն է դիմել աջակցության համար տնտեսության վրա ազդեցությունը մեղմելու միջոցառումների շրջանակներում: Վարկային պահանջների ընդհանուր արժեքն ավելի քան 1.4 միլիարդ դրամ է կազմել: Այս մասին ապրիլի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Աջակցության այս միջոցներից կարող են օգտվել փոքր եւ միջին ձեռնարկությունները, որոնք գործում են ավելի քան 1 տարի եւ որոնց շրջանառությունը 2019 թվականին 24-500 միլիոն դրամ է կազմել, կարող են դիմել վարկի համար, որը տրամադրվում է 36 ամսով,  առաջին 2 տարին կլինի առանց տոկոսադրույքի: 25-ից 36 ամիս մարման ժամկետի  դեպքում կկիրառվի 12 տոկոս տոկոսադրույք, վարկառուները հնարավորություն կունենան առաջին 6 ամսիսը վարկը չմարել: Սա ուղղված է փոքր կազմակերպություններին, այդ թվում նաեւ` զբոսաշրջության ոլորտին: Վարկի առավելագույն գումարը պետք է 50 միլիոն դրամ կազմի, սակայն` 2019 թվականին տնտեսվարող սուբյեկտի շրջանառության 10 տոկոսից ոչ ավել: Այս միջոցները կարող են օգտագործվել մինչեւ 3 ամիս աշխատավարձ վճարելու, հարկեր եւ տուրքեր վճարելու, հումք գնելու եւ ներմուծելու համար` պայմանով, որ դրանք կօգտագործվեն Հայաստանում, ինչպես նաեւ կոմունալ ծառայությունների եւ վարձավճարներ վճարման համար»,- ասել է նա:

Նախարարի խոսքով` դիմումները ստանալուց հետո պետական մարմինները կորոշեն` համապատասխանում են դրանք պահանջներին, թե ոչ: «Հաջորդ շաբաթվա սկզբին տնտեսվարող սուբյեկտներն արդեն կսկսեն ստանալ ֆինանսական միջոցները: Այժմ առաջնահերթությունը տրվում է ընկերություններին, որոնք լավ վարկային և հարկային պատմություն ունեն: Սակայն կառավարությունը կքննարկի նաեւ այլ կատեգորիայի տնտեսվարող սուբյեկտներին օժանդակելու ուղիները»,- ընդգծել է Խաչատրյանը:
Նա հավելել է, որ ճգնաժամից տնտեսական կորուստները դեռ պետք է հաշվարկվեն, սակայն արդեն այժմ պարզ է, որ դրանք նշանակալից կլինեն, իսկ Կենտրոնական բանկի բոլոր կանխատեսումները  տնտեսական աճի 0.7 տոկոսով կրճատման մասին համապատասխանում են իրականությանը: «Կառավարության կողմից ձեռնարկված 9 միջոցառումները կարող են վերանայվել եւ փոփոխվել, բոլոր գործընթացները քննարկման փուլում են»,- եզրափակել է նախարարը: