Վրաստանի կառավարությունը արտակարգ դրության ռեժիմը մինչեւ մայիսի 10-ը երկարաձգելու որոշում է կայացրել։ Բացի այդ, ապրիլի 15-ին ժամը 21-ից հաջորդ տասը օրերին արգելվում է չորս մեծ քաղաքներ՝ Թբիլիսի, Ռուսթավի, Բաթումի եւ Քութաիսի ելքն ու մուտքը։ Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտնել է վարչապետ Գեորգի Գախարիան, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն։

«Ցավոք, կարող ենք արձանագրել այն փաստը, որ մեզ մոտ առաջին անգամ գրանցվել է 30 վարակված մարդ մեկ օրվա ընթացքում։ Կարելի է ասել, որ մենք մտել ենք երկրում ներքին տարածման լայնամասշտաբ փուլ»,- ասել է Գախարիան։

Վարչապետը նշել է, որ այսօր անհնար է ճիշտ կանխատեսել, թե երբ վիրուսի տարածումը կհասնի առավելագույնին։

«Այդ պատճառով կառավարության յուրաքանչյուր քայլ եւ գործողություն այդ ոլորտում ունի էլ ավելի մեծ արժեք եւ էլ ավելի մեծ կարեւորություն»,- ասել է նա։

Բացի այդ, Վրաստանի կառավարությունը դիմել է երկրի նախագահին՝ արտակարգ դրության ռեժիմը մինչեւ մայիսի 10-ը երկարաձգելու համար։

«Սրանք քայլեր են, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել անհապաղ, որպեսզի անցնենք վիրուսի տարածումը զսպելու նոր փուլին»,- ասել է Գախարիան։