Կորոնավիրուսից ապրիլի 13-ին մահացած 65-ամյա տղամարդը Արմավիրի մարզի Թայրով համայնքից է։ Համայնքապետ Դավիթ Մինասյանը NEWS.am-ին հայտնեց, որ մահացածի կինը նույնպես վարակված է կորոնավիրոսով։
«Կնոջ վիճակն արդեն լավ է, պետք է կրկնակի թեստ անեին, որովետեւ լրանում է 14 օրը»,- ասաց համայնքապետը՝ նշելով, որ ընտանիքի անդամները մեկուսացված են համայնքից դուրս։
Ապրիլի 13-ին գրացվել էր մահվան երկու դեպք 65-ամյա և 82-ամյա կորոնավիրոսով հիվանդների մոտ։ Ըստ առողջապահության նախարարության՝ նրանք ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ծանր թոքաբորբ, սուր շնչառական անբավարարություն։ Բացի այդ, ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն, սուր երիկամային անբավարարություն։ Ապրիլի 14-ին մահվան եւս մեկ դեպք է հաստատվել 66-ամյա տղամարդու մոտ։ Հայաստանում կորոնվիրուսից մահերի թիվը հասել է 17-ի։





























