Սաուդյան Արաբիան դիտարկում է դեպի ԱՄՆ գնացող տանկերներով միլիոնավոր բարել նավթի վերաուղղորդման հնարավորությունը, եթե նախագահ Դոնալդ Թրամփը որոշի արգելափակել նավթի ներկրումը թագավորությունից, հայտնում է Reuters-ը։

Սաուդյան նավթի մոտ 40 մլն բարելները գտնվում են ԱՄՆ-ի ճանապարհին եւ պետք է հասնեն առաջիկա շաբաթներին, ինչը կհանգեցնի շուկաների վրա ճնշման ուժեղացման։

Վերջին օրերին ԱՄՆ պաշտոնատար անձինք հայտարարում են, որ Վաշինգտոնը դիտարկում է հում նավթի սաուդյան մատակարարումների արգելափակման հնարավորությունը կամ դրանց հանդեպ տուրքերի սահմանումը, ինչը լրացուցիչ դժվարությւուններ է ստեղծում այժմ ճանապարհին գտնվող բեռների համար։

Աղբյուրների տվյալներով՝ թագավորությունը փորձել է տանկերների սեփականատերերի մոտ բեռները պահելու տարբերակներ գտնել, սակայն շատերը հրաժարվել են։ Երկու աղբյուրներ հայտնել են, որ Սաուդյան Արաբիան ուսումնասիրում է այն հարցը, թե կարող է արդյոք ինքը վերաուղղորդել բեռները այլ երկրներ, եթե ԱՄՆ-ը դադարեցնի ներկրումը։

Նավթի առեւտրականները, որոնք ակտիվորեն աշխատում են Եվրոպայի եւ Ասիայի երկրներում, հայտարարել են, որ ակնկալվում է, թե սաուդցիները կփորձեն բեռները վերաուղղորդել այլ շուկաներ, եթե մտցվի արգելք, որի հետեւանքով դա հսկայական ճնշում կլինի այդ տարածաշրջաններում պահուստների վրա։

«Եվրոպան լեփ-լեցուն է, սակայն, անկասկած, եթե սաուդցիները նրան նավթ առաջարկեին իսկապես էժան պայմաններով, գնորդները այն կընդունեին»,- ասել է միջազգային առեւտրային ընկերությունում աղբյուրը։