Իսպանիայի հարավում գտնվող Անդալուսիա ինքնավար համայնքի բնակչուհի Անա դել Վալյեն, ով 1918 թվականին վերապրել էր իսպանական գրիպի համավարակը, 106 տարեկանում վարակվել է COVID-19-ով եւ առողջացել է մի քանի օր առաջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով Malaga Hoy-ը:
Ըստ կնոջ հարսի` Պակի Սանչեսի, իր սկեսուրն ընդամենը 7 տարեկան էր, երբ վարակվել էր իսպանական գրիպով: «Նա միշտ պատմել է իսպանական գրիպի մասին, որ մահացել էր նրա քույրը... որ նրանք ապրում էին գյուղում»,- հայտարարել է Սանչեսը: Ըստ նրա` մայրը Անային ուղարկել էր կաթ բերելու ամբողջ ընտանիքի համար, իսկ որոշ ժամանակ անց նրան գտել էին ծառի տակ պառկած` շատ բարձր ջերմաստիճանով:
Ըստ COPE ռադիոկայանի` 2012 թվականից Անա դել Վալյեն սկսել է ապրել Կադիսի Alcalá del Valle ծերանոցում, որտեղ նրան հաճախ էին այցելում հարազատները: Մարտի 9-ից այցելություններն արգելվել էին` COVID-19-ի առաջին դեպքի հայտնաբերման պատճառով, իսկ մարտի 20-ին հայտնի էր դարձել, որ կինը նույնպես վարակված է: Սանչեսը պատմել է, որ երկար ժամանակ նրանք չեն կարողացել տեղեկություններ ստանալ ծերանոցում տեղի ունեցողի մասին: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ կնոջը տեղափոխել են հիվանդանոց:
Հոկտեմբերին Անա դել Վալյեն պատրաստվում է նշել իր 107-ամյակը: Նա դարձել է Իսպանիայի եւ այլ երկրների ամենատարեց մարդկանցից մեկը, ով բուժվել է կորոնավիրուսից:





























