Թուքիայի առաջատար մահմեդական հոգեւորականի հայտարարությունն այն մասին, որ հոմոսեքսուալիզմը հիվանդություններ է առաջացնում, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության եւ փաստաբանների ասոցիացիայի միջեւ խոսքի ազատության թեմայով տարաձայնությունների պատճառ է դարձել, հայտնում է Reuters-ը։

Փաստաբանները դատապարտել են հոգեւորականի մեկնաբանությունները՝ որպես մարդկային արժանապատվությանը վնասնող, սակայն ԱԶԿ ներկայացուցիչը հայտարարել է, որ նա պարզապես խոսել է թուրք ժողովրդի արժեքների մասին, եւ փաստաբաններին մեղադրել է «ֆաշիստական մենթալիթետի» պաշտպանության մեջ։

Կրոնի հարցերով վարչության ղեկավար Ալի Էրբասը հայտարարել է, որ իսլամը դատապարտում է հոմոսեքսուալիզմը, քանի որ «այն հիվանդություններ է բերում եւ այլասերում է սերունդներին»՝ հավելելով, որ այն նաեւ մարդու իմունոդեֆիցիտի վիրուս է առաջացնում, որն էլ ՁԻԱՀ-ի է հանգեցնում։

Անկարայի փաստաբաններկի կոլեգիան հայտարարել է, որ Էրբասի մեկնաբանությունները միջնադարյան են եւ վիրավորում են մարդկային արժանապատվությունը։ Իզմիրի փաստաբանների ասոցիացիան հայտարարել է, թե մտահոգված է այն փաստից, որ այդ հայտարարությունը կարող է նպաստել ատելության հողի վրա նոր հանցագործությունների կատարմանը։

Երկրի պաշտոնյաները Twitter-ում պաշտպանել են Էրբասին՝ օգտագործելով «Ալի Էրբասը միայնակ չէ» հեշթեգը։ «Այն ինչ նորմալ չէ, հակառակն է պահանջում»,- գրել է նրանցից մեկը։

Նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալինը, օգտագործելով նույն հեշթեգը, ասել է, որ Էրբասը բարձրաձայնել է «աստվածային խոսքը»։

Անկարայի դատախազությունը երկուշաբթի հետաքննություն է սկսել փաստաբանների կոլեգիայի ղեկավարների հանդեպ՝ այն կասկածով, որ նրանք կարող էին վիրավորել թուրքերի կրոնական արժեքները, հայտնել է Anadolu գործակալությունը։

Իրավապաշտպան կազմակերպությունները եւ Եվրոպական միությունը վաղուց են մեղադրում Էրդողանին եւ նրա կառավարությանը՝ կրոնական, էթնիկ , սեռական փոքրամասնությունների եւ կանանց իրավունքները ոտնահարելու համար։