Կարսի հայ-թուրքական բարեկամության քանդվող հուշարձանի քանդակագործին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու նպատակով Էսքիշեհիր նահանգի Թեփեբաշըի քաղաքապետարանը ցուցահանդես է կազմակերպել, որը մեծ արձագանք է գտել Թուրքիայում։
Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝ Թեփեբաշըի քաղաքապետարանում կազմակերպված ցուցահանդեսում ներկայացված նկարներից մեկում պատկերված է եղել մզկիթ, որի երկու կողմերում կանգնեցված են եղել Կարսի «Մարդկության» հուշարձանի երկու քանդակները, որոնց Թուրքիայի վարչապետը անվանել էր «հրեշավոր»։ Նկարում երկու քանդակների միջեւ գրված է եղել «հրեշավոր», իսկ մեկ այլ նկարում մի գլխաշորով կին է պատկերված, որի դեմքին կանացի ներքնազգեստ է։
Այս նկարը մեծ իրարանցում է առաջացրել թուրք հասարակության մի մասի մոտ, ովքեր համարում են, որ սրանով վիրավորանք է հասցվել մահմեդականությանը։
Ցուցահանդեսը նախատեսված է եղել ապրիլի 9-ից 22-ը, սակայն այցելուների մեծ հոսքի պատճառով այն հետաձգվել է։
Էսքիշեհիրի կրոնական գործերի վարչության նախագահը նշել է, թե այդ ցուցահանդեսում տեղ գտած մի քանի ստեղծագործություններում բացահայտ վիրավորանք կա կրոնի նկատմամբ։





























