ԱՄՆ-ին բարդ ու կեղտոտ պայքար է սպասվում, եթե նա որոշի ճնշում գործադրել ՄԱԿ Անվտանգության խորհրդի վրա, որպեսզի երկարացվի ու խստացվի Իրանին զենքի մատակարարման էմբարգոն, դիվանագետներին հղում անելով հաղորդում է Reuters-ը։ 

Վաշինգտոնն իր ռազմավարությամբ կիսվել է Բեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի հետ, որոնք հանդիսանում են ՄԱԿ ԱԽ անդամ եւ Իրանի հետ 2015-ի միջուկային համաձայնագրի մասնակից։

Այդ գործարքի համաձայն, Իրանի նկատմամբ էմբարգոն պետք է դադարի հոկտեմբերին։ Արգելանքը երարացնելու մասին ԱՄՆ-ի կողմից ներկայացված բանաձեւը փոխանցվել է Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային եւ Գերմանիային, սակայն ամերիկյան դիավանագետները հայտարարել են, որ ՄԱԿ ԱԽ մնացած 11 անդամներին այն չի փոխանցվել։ 

Բանաձեւի ընդունման համար, բացի 9 ձայնից, անհրաժեշտ է նաեւ, որպեսզի ԱԽ մշտական անդամներ հանդիսացող Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան կամ Ֆրանսիան վետո չդնեն դրա վրա։ Դիվանագետները հայտարարել են, որ ԱՄՆ-ը, հավանաբար, կպայքարի, որ Ռուսաստանն ու Չինաստանը համաձայն լինեն Իրանին զենք մատակարարելու էմբարգոյի երկարացմանը։

Եթե ԱԽ-ը չերկարացնի զենքի մատակարարման արգելանքն, ապա ԱՄՆ հաջորդ քայլը կլինի Իրանի հանդեպ ՄԱԿ-ի բոլոր պատժամիջոցների, այդ թվում նաեւ զենքի մատակարարման, վերականգնման նախաձեռնումը՝ օգտագործելով միջուկային գործաքում շարադրված գործընթացը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018-ին դուրս է եկել համաձայնագրից եւ այն անվանել է «վատագույն գործարքը ողջ պատմության ընթացքում»։

«Շատ դժվար է պատկերացնել ձեզ որպես դիտորդ մի համաձայնագրի գործունեության, որից դուք որոշել եք դուրս գալ,- անանուն մնալու պայմանով ասել է եվրոպական դիվանագետը,- Կամ դու խաղի մեջ ես, կամ դրանից դուրս»։ 

Որոշ ամերիկյան դիվանագետներ հայտարարել են, որ չնայած տարբեր իարավաբանական կարծիքներին այն մասին, թե կարող է արդյոք ԱՄՆ-ը դա անել, ի վերջո ԱԽ-ը պետք է որոշի ընդունել ԱՄՆ բողոքը, թե՝ ոչ։ 

Դիվանագետների խոսքերով այդ քայլը կարող է վիճարկվել։ «Անկախ նրանից, թե ինչ են մտածում Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան, Ռուսաստանն ու Չինաստանը չեն համաձայնի նման իրավական մեկնաբանության հետ»,- անանուն մնալու պայմանով ասել է եվրոպական դիվանագետը։