Հունաստանը հուսով է զբոսաշրջային սեզոնը հուլիսից բացել, սակայն հյուրանոցների սեփականատերերն այնքան էլ լավատես չեն եւ մտավախություն ունեն, որ կորոնավիրուսի համավարակը թույլ չի տա զբոսաշրջիկներին ժամանել, իսկ լողափերը կդատարկվեն, հայտնում է Reuters-ը։

Զբոսաշրջությունը եկամտի հիմնական աղբյուր է Հունաստանի համար։ Անցյալ տարի երկիր է այցլել 345 միլիոն մարդ, ինչը 18 միլիարդ եվրո եկամուտ է բերել եւ զբաղվածություն է ապահովել յուրաքանչյուր հինգերորդ աշխատողին։

«Զբոսաշրջությունը մեր սերնդի ամենամեծ ճգնաժամն է ապրում»,- ասել է Կորֆուի հյուրանոցների ասոցիացիայի նախագահ Խարալամբոս Վուլգարիսը, որը երկու առողջարան ունի հունական կղզում։

Կորֆուի լողափերը դատարկ են, իսկ հյուրանոցների տերերը տարակուսում են, թե կբացեն արդյոք իրենց դռները այս ամառ։

Ուղեւորատար փոխադրումները նավերով կրճատվել են 90%-ով, հայտնում է Ուղեւորատար փոխադրումների ասոցիացիան, իսկ ներքին եւ միջազգային չվերթները մարտին կրճատվել են 59%-ով, համաձայն Քաղավիացիայի վարչության։

Հունաստանի զբոսաշրջության նախարար Հարրի Տեոչարիսը ասում է, որ հուլիսին պլանավորվում է զբոսաշրջիկների վերադարձ։

Կառավարությունը մայիսի 4-ից կսկսի աստիճանաբար թուլացնել կարանտինը, իսկ հյուրանոցները, որոնք կլոր տարին աշխատում են կկարողանան հունիսի 1-ից բացվել։ «Այս սեզոնն այնպիսին չի լինի, ինչպես մյուս տարիներին։ Սակայն մենք շատ բան կկարողանանք անել, որպեսզի կրկին բացենք զբոսաշրջային տնտեսությունը»,- ասել է նա։

Հունաստանում գրանցված է COVID-19-ով վարակման 2566 դեպք եւ 138 մահ։