Ամերիկյան գործարար եւ գյուտարար Իլոն Մասկը Twitter-ի իր էջում հրապարակել է մի շարք գրառումներ, որոնցում հանդես է եկել կարանտինի չեղարկման Եւ Տեխասում հասարակական սննդի հաստատությունները բացելու առաջարկությամբ, հայտնում է RNS-ը։
«Վերադարձրեք մարդկանց ազատությունը»,- գրել է նա՝ մեկնաբանելով The Wall Street Journal-ի «Փրկո՞ւմ է արդյոք կարանտինը» հոդվածը։
Մասկը նաեւ գրել է․ «Բրավո, Տեխաս»՝ ի պատասխան այդ նահանգում մայիսի 1-ից ռեստորանների, խանութների ու ձեռնարկությունների աշխատանքը վերականգնելու նորության։ Սրա հետ մեկտեղ, գործարարը պատասխանել է Twitter-ի մեկ այլ օգտատիրոջ, որ հաստատությունները պետք է կրկին բացվեն՝ հաշվի առնելով նախազգուշական միջոցները, քանի որ չարժի բոլորին «տնային կալանքի մեջ պահել»։
Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ը առաջատար է նոր կորոնավիրուսով վարակվածների եւ դրանից մահացածների թվով։ Վիրուսը հայտնաբերվել է 1,01 մլն մարդու մոտ, մահացել է ավելի քան 58 000 մարդ։





























