Խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Կլեման Վուլը ապրիլի 14-ին հայտարարությամբ ողջունել է կառավարությունների, միջազգային կազմակերպությունների և քաղհասարակության համատեղ ջանքերը՝ պաշտպանելու հանրությանը առողջապահական վտանգից։

«Մարդու իրավունքները որպես ելակետ ընդունելով՝ մենք համավարակը հաղթահարելու և ապագայի համար դիմադրողականություն զարգացնելու ավելի լավ հնարավորություն կունենանք», հավաստիացրել է Կլեման Վուլը։

Հատուկ զեկուցողը նաև մտահոգություն է հայտնել ճգնաժամով պայմանավորված՝  տարբեր երկրներում մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակումների առնչությամբ։

Հանրային առողջապահական արտակարգ դրության ներկայիս պայմաններում Հավաքների և միավորումների ազատության հարցերով հատուկ զեկուցողը հիշեցնում է պետություններին, որ անհրաժեշտ է հակազդել համավարակին՝ մարդու իրավունքների ոլորտում ունեցած պարտավորություններին համահունչ։ Մասնավորապես՝ Հատուկ զեկուցողը առանձնացնում է տասը հիմնական սկզբունքներ․

1) ապահովել, որ նոր իրավական միջոցները հարգեն մարդու իրավունքները,

2) ապահովել, որ հանրային առողջապահության արտակարգ դրությունը չօգտագործվի որպես պատրվակ՝ մարդու իրավունքների խախտումների համար,

3) ժողովրդավարությունը չի կարող անժամկետ հետաձգվել,

4) ապահովել ընդգրկուն մասնակցություն,

5) երաշխավորել հավաքների և միավորումների ազատությունն առցանց,

6) պաշտպանել աշխատողների՝ հավաքների և միավորումների ազատության իրավունքը,

7) ապահովել կարծիքի արտահայտման ազատությունը,

8) ապահովել քաղհասարակության մասնակցությունը բազմապրոֆիլ հաստատություններում,

9) միջազգային համերաշխությունն անհրաժեշտ է ավելի, քան երբևէ,

10) Covid-19-ի ապագա հետևանքները և պատասխանը՝ բարեփոխումների կոչերին։