Հայ-ռուսական Լազարյան բանավիճային ակումբը հանդես է եկել Հայաստանի եւ Ռուսաստանի հանրությանն ուղղված ուղերձով, որում, մասնավորապես, նշվում է․
«Թանկագին ընկերնե՛ր,
Մեր ժողովուրդներն ու պետությունները, ամբողջ աշխարհի հետ միասին, անցնում են ծանր ժամանակներ: Մարդկանց գլխին ոչ միայն անհայտ հիվանդությամբ վարակվելու, այլեւ ապրելու ու կյանքը վայելելու սովորական հնարավորությունների կորստի սպառնալիք է կախվել։ Տնտեսության վիճակը գնալով վատթարանում է՝ գործազրկությունն ու գոյատեւման աղբյուրների կորուստը արդեն առնչվել են մեր շատ հայրենակիցներին: Աճող տագնապ է առաջացնում ընդհանուր շուկաների, կոոպերացիոն եւ ինտեգրացիոն կապերի փլուզման հեռանկարը, մեր մարդկանց եւ երկրների միջեւ հաղորդակցության հարկադիր կրճատումը կամ նույնիսկ դադարեցումը: Ընդ որում, հարկ է նշել, որ ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Հայաստանը վաղուց ներգրավված են հակամարտություններում, որոնք հեռու են կարգավորվելուց՝ մենք մեզ վրա զգում ենք, տարբեր աստիճանով եւ ձեւով, ապօրինի պատժամիջոցներ, արտաքին ճնշում եւ նույնիսկ շրջափակում:
Այս չափի փորձությունները միշտ ճշմարտության պահն են: Միջազգային հայ-ռուսական «Լազարյան ակումբի» խորհուրդը, որը ստեղծվել է երկու տարի առաջ, որպեսզի պահպանի հայ-ռուսական հարաբերությունների օջախում կրակը, իր պարտքն է համարում հիշեցնել, որ ճակատագրի հարվածները, որոնք թափվել են մեր ժողովուրդների վրա հարյուրամյակների ընթացքում, մենք միասին ենք հետ մղել: Համաճարակն էլ որեւէ բացառություն չէ, ինչի մասին են վկայում մեր՝ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ համագործակցության դրական փաստերը՝ այս պատմության սկզբից սկսած: Ոչ մի կարանտին կամ ինքնամեկուսացում չխանգարեցին մեզ հիշել ապրիլի 24-ը եւ կրկին վերապրել 20-րդ դարում հայ ժողովրդի ցեղասպանության տարելիցը: Ոչ ոք չի կարողանա խանգարել մեզ, թեկուզ իրավիճակին համապատասխան ձեւով, նշելու Հայրենական մեծ պատերազմում համատեղ հաղթանակի 75-ամյակը: Ի հիշատակ զոհերի, որ կրել են մեր ժողովուրդները, մենք չպետք է թույլ տանք իրավիճակի սրացում եւ ռազմական գործողությունների բռնկում` լինի դա Ուկրաինայի արեւելք, թե Լեռնային Ղարաբաի հակամարտություն:
Մեր երկրներում ինքնիշխան ներքին գործերի եւ քաղաքական գործընթացի հանդեպ ողջ հարգանքով հանդերձ, մենք կուզեինք ընդգծել, որ մահացու սպառնալիքը ներքաղաքական խռովությունների եւ հաշվեհարդարների ժամանակը չէ, ինչ պատրվակով էլ դրանք հանդես գան։ Մենք նախկինում էլ չենք եղել մեր քաղաքացիական հասարակության մեջ պառակտությունների կողմնակից: Այժմ էլ մենք ակնկալում ենք իշխանություններից եւ ընդդիմությունից, մեր բոլոր քաղաքացիներից՝ չարիքի դեմ պայքարում ջանքերի միավորում, այլ ոչ թե ինքնաոչնչացման պատրվակների բազմապատկում։
Միջազգային հայ-ռուսական «Լազարյան ակումբի» խորհուրդը, որպես ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ, հավաստիացնում է Ռուսաստանի եւ Հայաստանի հանրությանը, որ, չնայած Ակումբի հասարակական աշխատանքների հարկադրված դադարին, մենք շարունակում ենք մեր գործունեությունը` որպես մտավոր կենտրոն, փորձագիտական կառույց եւ Ռուսաստանի ու Հայաստանի հասարակական ուժերի երկխոսության զարգացման մեջ շահագրգիռ կողմերի համախմբման հարթակ։
Եւ ինչպես գրում են այսօր սոցիալական ԶԼՄ-ները․ #ՄԵՆՔ ՄԻԱՍԻՆ ԵՆՔ»։




























