ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է Արիզոնայում Honeywell դիմակներ արտադրող գործարան այցելելիս դիմակ կրել՝ որպես կորոնավիրուսի դեմ նախազգուշական միջոց, եթե դրա կարիքը զգացվի, հայտնում է CNBC-ը։

Թրամփը, որը հրաժարվել էր դիմակ կրել վերջին շաբաթներին՝ չնայած դաշնային ղեկավարության այն կոչին, որ ամերիկացիները հասարակական վայրերում պետք է դիմակ կրեն, ասել է, որ դիմակ կունենա Ֆենիքսի գործարանում, եթե դա այնտեղ աշխատող մարդկանց պարտադիր պահանջն է։

Ավելի ուշ ինքնաթիռ նստելուց առաջ նրան կրկին հարցրել են, թե որոշել է արդյոք դիմակ կրել Honeywell-ում։ «Ոչ, ես չեմ որոշել, քանի որ ես չգիտեմ՝ դա պարտադի՞ր է։ Ես կիմանամ, երբ հասնեմ այնտեղ»,- ասել է նախագահը։

Երբ լրագրողը հարցրել է, թե կարեւոր է նրա համար դիմակ կրելը, Թրամփը պատասխանել է․ «Ես պետք է ելույթով հանդես գամ։ Ինքներդ ասեք՝ պետք է արդյոք ես դիմակո՞վ լինեմ ելույթի ժամանակ։ Ես չգիտեմ։ Ես պարզապես․․․ դա կարծես ճիշտ չէ»։

Այն հարցին, թե արդյոք մտավախություն ունի՞ իր հետ ճանապարհորդող մարդկանց առնչությամբ, Թրամփը պատասխանել է, որ իրեն ուղեկցող բոլոր մարդիկ ստուգված են, հակառակ դեպքում «նրանց թույլ չեն տալիս ինձ հետ ճանապարհորդել»։