Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը նախազգուշացրել է կարանտինին վերադառնալու ռիսկերի մասին, եթե սահմանափակումներից դուրս եկող երկրները դա «չափազանց զգուշավոր եւ փուլային» չանեն։
ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ահդան Գեբրեեսուսը թվարկել է մի շարք քայլեր, որոնք անհրաժեշտ են, որպեսզի երկրները չեղարկեն կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված միջոցառումները, ինչպիսին են վերահսկման միջոցները եւ առողջապահության համակարգի պատրաստականությունը, հայտնում է CNBC-ը։
«COVID-19 համավարակը վերջիվերջո կնահանջի, սակայն սովորական բիզնեսին վերադարձը հնարավոր չէ»,- ասել է Գեբրեեսուսը՝ ընդգծելով առողջապահության համակարգում ներդրումների անհրաժեշտությունը։
Նա հայտարարել է, որ երկրները չեն կարող «թույլ տալ պատրաստականությանը նահանջել»։ «Աշխատելով համավարակին արձագանքելու ուղղությամբ՝ մենք նաեւ պետք է շատ աշխատենք, որպեսզի նախապատրաստվենք հաջորդին։ Այժմ մենք ամբողջ աշխարհում առողջապահական կենսունակ համակարգի հիմքեր դնելու հնարավորություն ունենք, ինչը երկար ժամանակ անտեսվում էր»,- ասել է ԱՀԿ ղեկավարը։
Նա նշել է, որ այն ժամանակ, երբ գրանցված դեպքերի քանակը Արեւմտյան Եվրոպայում սկսում է նվազել, Արեւելյան Եվրոպայում, Աֆրիկայում, Հարավարեւելյան Ասիայում, Արեւելյան Միջերկրածովում եւ Ամերիկայում ավելի շատ դեպքեր են գրանցվում։




























