ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի հարցով Սպիտակ տան աշխատանքային խումբը կշարունակի իր գործունեությունը, բայց կկենտրոնացնի իր ուշադրությունը բուժման մեթոդների եւ բիզնեսի ու սոցիալական կյանքի համար սահմանափակումների դադարեցման վրա, ինչպես նաեւ, հնարավոր է, կփոխի իր կազմը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Երեքշաբթի օրը Թրամփն ասել էր, որ ծրագրում է կրճատել աշխատանքային խումբը եւ այն փոխել մի ինչ-որ այլ բանի այն ժամանակ, երբ երկիրն անցնում է համաճարակի դեմ պայքարի հաջորդ փուլին։ Միաժամանակ, նա ընդունել է, որ վիրուսի նոր ալիքը կարող է որոշ մարդկանց համար լուրջ հարված լինել։

Ներկայում աշխատանքային խմբում ընդգրկված են բժշկության ոլորտի մի քանի փորձագետներ, ովքեր երբեմն հանդես են գալիս խորհուրդներով, որոնք հակասում էին Թրամփի պնդումներին։