«Կանայք հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված միջազգային կոնֆերանսը, որը նախատեսված էր անցկացնել մայիսի 5-ին, հետաձգվել է։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց «Անհետ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» հասարակական կազմակերպության ղեկավար Ռիմա Առաքելյանը։ Կոնֆերանսի հետաձգման պատճառներն առայժմ չեն հաղորդվում։
Կոնֆերանսի ընթացքում պետք է քննարկվեին մի շարք հարցեր, այդ թվում՝ կանանց վիճակը հակամարտությունների շրջանում, անհետ կորածների խնդիրները, ինչպես նաեւ ՄԱԿ-ի 1325 բանաձեւի (կանանց հանդեպ սեքսուալ բռնությունների դեմ պայքար) կատարումը։ Ծրագիրը ղեկավարում է բելգիացի սենատոր Դոմենիկ Թիլմանսը։
Ադրբեջանցի մասնակից, «Ազերի-թյուրք» կանանց միավորման ղեկավար Թանզիլյա Ռուստամխանլին Ադրբեջանի իշխանությունների ճնշման ներքո հրաժարվել էր մասնակցել կոնֆերանսին։
Ծրագրի շրջանակներում մի քանի հանդիպումներ արդեն իսկ անցկացվել են։ Բաքվում կայացած հանդիպմանը Հայաստանի ներկայացուցիչը՝ Ռիմա Առաքելյանը, չէր կարողացել հայտնվել այն պատճառով, որ Ադրբեջանը շատ ուշ էր հաստատել անվտանգության երաշխիքները։
Նշենք, որ ընթացիկ ամսվա ավարտին եւս մեկ հանդիպում նախատեսված է անցկացնել Թբիլիսիում։





























