2020 թվականի մայիսի 12-ին՝ ժամը 23:25-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երեւան քաղաքի Շիրակի փողոցում վիճաբանություն է եւ կրակոցներ են արձակվում:

Ինչպես տեղեկացնում է Քննչական կոմիտեն, անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ մայիսի 12-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, Երեւան քաղաքի Շիրակի փողոցի 1-ին նրբանցքի շենքերից մեկի բակում, մի խումբ անձանց միջեւ, տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում հնչել են կրակոցներ:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով եւ 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ։

Իրականացված քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է միջադեպին մասնակցություն ունեցած, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը, որոնցից մեկը, որը Երեւան քաղաքի 30-ամյա բնակիչ է, հայտնաբերվել եւ ձերբակալվել է՝ խուլիգանություն կատարելու կասկածանքով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր եւ 9 մմ տրամաչափի կրակված պարկուճ, վերցվել են փորձանմուշներ, կատարվել են առգրավումներ, նշանակվել են դատաձգաբանական, դատակենսաբանական եւ դատաբժշկական փորձաքննություններ, հարցաքննվել են շուրջ երկու տասնյակ անձինք։

Նախաքննությունը շարունակվում է։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ եւ լրիվ քննություն ապահովելու ուղղությամբ: