ԱՄՆ-ը չի դիմել Վրաստանին ՀՀՊ-ի տեղակայման առիթով՝ Չեխիայի ու Լեհաստանի կողմից դրանց տեղակայումից հրաժարվելուց հետո։ Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեն։ Ըստ նրա, ԱՄՆ-ը առայժմ ինքն էլ դեռ չի կողմնորոշվել Եվրոպայում ՀՀՊ տեղակայման ապագայի հարցում։
Ավելի վաղ ԱՄՆ-ը սառեցրել էր Լեհաստանում ու Չեխիայում ՀՀՊ համակարգերի տեղակայման ծրագրերը։
ԱՄՆ նախագահը Չեխիայում ՀՀՊ ռադիոլոկացիոն կայանի տեղակայումից հրաժարվելու մասին չեխ վարչապետ Յան Ֆիշերին հայտնել էր սեպտեմբերի 17-ին։ Լեհաստանում կալանող հրթիռների եւ Չեխիայում ռադարի տեղակայման ծրագրերը, որոնք Ռուսաստանի կողմից դիտարկվում են որպես սպառնալիք իր անվտանգությանը, մշակվել են Ջորջ Բուշի նախկին վարչակազմի կողմից՝ Իրանի ու ԿԺԴՀ հրթիռային սպառնալիքից արեւմտյան երկրների պաշտպանության պատրվակով։




























