Հոկտեմբերի 5-ին կայացել է Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի կատարման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ գործողությունների ծրագրի նպատակը եվրոպական եւ եվրատլանտյան կառույցների ու հաստատությունների հետ Հայաստանի համագործակցության խորացումն է: Ծրագրով նախատեսված 42 միջոցառումներն ընդգրկում են 122 գործողություն, որոնցից 84-ն արդեն կատարված են:

Միջգերատեսչական հանձնաժողովի անդամները ներկայացրել են գործողությունների իրականացման ընթացքն ըստ գերատեսչությունների: Հանձնաժողովն արձանագրել է, որ արտաքին գործերի, պաշտպանության, արդարադատության, արտակարգ իրավիճակների, առողջապահության նախարարություններում եւ ազգային ավտանգության ծառայությունում ծրագրով նախատեսված գործողությունների իրականացման ընթացքն ամբողջությամբ համապատասխանում է ծրագրի իրականացման ժամանակացույցին:

Ազգային տեղեկատվական ռազմավարության եւ քաղաքացիական պաշտպանության ազգային հայեցակարգի նախագծեր մշակելու համար հանձնաժողովի որոշմամբ ստեղծվել են աշխատանքային խմբեր:

Հանձնաժողովի հաջորդ նիստը կգումարվի 2010 թվականի հունվարին` ամփոփելու 2009 թվականին կատարված աշխատանքը: