Սաուդյան Արաբիայից, Իտալիայից եւ Ֆրանսիայից հնագետները սաուդյան Դամաթ էլ Ժանդալ օազիսում հայտնաբերել են հնագույն հուշակոթող, որը, ենթադրաբար, կառուցվել է ծիսական նպատակներով: Հնագիտական հուշարձանի մասին, որը մոտ 8 հազար տարեկան է, հայտնում է Ֆրանսիայի Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի պաշտոնական կայքը, փոխանցում է Planet- today-ը:
Գիտնականները, որոնց խումբը գլխավորել է Օլիվիա Մունյոսը, Սաուդյան Արաբիայում գտնվող Դամաթ էլ Ժանդալ օազիսում պեղել է եռանկյան ձեւով հուշակոթող: Հնագույն մեգալիթի հայտնաբերումը Սաուդյան Արաբիայի տարածքում գիտության համար կարեւոր իրադարձություն է, քանի որ այս տեղանքում մեգալիթյան հուշարձանները շարունակում են մնալ գործնականում չուսումնասիրված, նշել են գիտնականները:
Խոսքը 35 մետրանոց քարե հարթակի մասին է, որը գիտնականները բնորոշել են որպես «հոյակերտ»: Ենթադրվում է, որ մեգալիթը կառուցվել է զգալիորեն մեծ ժամանակահատվածում՝ սկսած մ.թ.ա. 6-րդ հազարամյակի կեսից:
«Սա բացառիկ օբյեկտ է, որն անչափ կարեւոր է այս վայրերի պատմությունը հասկանալու համար: Այն փաստը, որ մեգալիթից ոչ հեռու հայտնաբերվել են հնագույն դամբարաններ մատնացույց է անում այն, որ մեծ քարե հարթակը կարող էր օգտագործվել ծիսական նպատակներով: Մենք չգիտենք, թե ով է կառուցել այս մեգալիթը, բայց կարող ենք ենթադրել, որ նրանք եղել են քոչվոր անասնաբույծներ, որոնք այստեղ են բնակվել դեռեւս մինչպատմական ժամանակներում»,- ասել է Մունյոսը:





























