«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն անհրաժեշտ է համարում 1000 խորանարդ մետրի համար գազի սակագինը հասցնել 275 դոլարի, մինչդեռ ՀԾԿՀ-ն առաջարկել է 266,7 դոլար միջին սակագին: Այս մասին այսօր ՀԾԿՀ-ում քննարկման ժամանակ հայտարարեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Հրանտ Թադեւոսյանը:

«Առաջարկված սակագինը բավարար չէ գազամատակարարման հարցով ծառայությունների ապահովման համար: Խնդրում ենք գրավոր ներկայացնել մինչեւ 8,3 մլրդ դրամի չափով ծախսերի կրճատման հիմքերը: Մասնավորապես, դա վերաբերում է մինչեւ 2024 թվականը 2000 աշխատակցի կրճատմանն ու հումք-նյութերի ցուցակի 50 տոկոս կրճատմանը»,-ասաց նա:

 Նա հավելեց, որ հավելյալ քննարկումներ պետք է անցկացվեն:

Հավելենք, որ սպառողներին վաճառվող գազի միջին գինը, ըստ ՀԾԿՀ առաջարկի, նախատեսված է 266,71 դոլարի չափով, ներառյալ՝ 44,45 դոլար ԱԱՀ-ն, Ռուսաստանից գազի ներմուծման ծախսերը՝ 165 դոլար, սահմանից սպառողին գազի մատակարարման ծախսերը՝ 9,37 դոլար, ընկերության մարժան՝ 47,89 դոլար:

Հանձնաժողովն առաջարկել է բնակիչ սպառողների համար գազի սակագինը թողնել անփոփոխ՝ 139 դրամ 1 խմ-ի դիմաց, նաեւ անփոփոխ թողել սակագինը սոցիալապես խոցելի խմբերի համար՝ 100 դրամ 1 խմ-ի դիմաց:

Ջերմային տնտեսությունների համար գազի սակագինն առաջարկվում է բարձրացնել 212-ից 224 դոլար, մինչդեռ «Գազպրոմ Արմենիան» առաջարկել էր այս խմբի համար գազի սակագինը դարձնել 283․1 դոլար:

Ջերմային էլեկտրակայաններում վաճառվող բնական գազի գինը մնում է նույնը՝ 139 հազար դրամ:

Ամսական 10 000 խմ-ը գերազանցող սպառողների համար հուլիսի 19-ից կսահմանվի 255,91 դոլար՝ ներկայիս 242․1 դոլարի փոխարեն։ «Գազպրոմ Արմենիա» ընկերության հայտով 10 000 խմ-ից ավելի սպառողների համար ևս առաջարկվում էր 283․14 դոլար։

Որոշումն ուժի մեջ է մտնում հունիսի 19-ից, ջերմաէլեկտրակայանների համար՝ օգոստոսի 1-ից: