Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը եւ ՀՀ փաստաբանների պալատը մայիսի 18-ին կազմակերպում են «Մարդու իրավունքներ. Պաշտպանի լսարան» շարքի երկրորդ ֆորումը, որը նվիրված է արդար դատաքննության իրավունքին:
ՄԻՊ-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ֆորումի ընթացքում ՀՀ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը կներկայացնի դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հաղորդմամբ հանդես գալու Պաշտպանի նոր օրենսդրական լիազորությունը: Այս լիազորությունը ուժի մեջ է մտել 2011 թվականի հունվարի 1-ից:
Արդար դատաքննության իրավունքի իրականացման, ինչպես նաեւ դատարաններում մարդկանց իրավունքների պաշտպանությանը նպաստելու համար Պաշտպանի միակ լծակը կարգապահական վարույթի հաղորդման լիազորությունն է, որի կիրառման մանրամասները եւ դրանից բխող հետեւանքները կներկայացվեն ֆորումի մասնակիցներին:
Միջոցառմանը հրավիրված են փաստաբաններ, դատավորներ, քաղաքական գործիչներ, պետական պաշտոնյաներ, ուսանողներ եւ լրագրողներ:



























