«Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքին» պետական նպատակային ծրագրի ներքո հիփոթեքային վարկերի տրամադրումը շարունակվում է ինչպես Երեւանում, այնպես էլ Հայաստանի այլ մարզերում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Բնակարան երիտասարդներին» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ից:

Ընկերությունը տեղեկացնում է նաեւ, որ որոշ վարկատու կազմակերպությունների կողմից Ծրագրի ներքո վարկավորման հնարավոր ժամանակավոր դադարեցումը կարող է պայմանավորված լինել ինչպես վերջիններիս առավելագույն սահմանաչափերի սպառման, այնպես էլ իրենց ներքին, Ծրագրի ընթացքի հետ առնչություն չունեցող այլ գործընթացների հետ:

«Ուստի բոլոր երիտասարդ ընտանիքներին, որոնց դիմումները չեն ընդունվում Ծրագրի դադարեցման վերաբերյալ պատճառաբանումներով, «Բնակարան երիտասարդներին» ՓԲԸ-ն կոչ է անում չսահմանափակվել միայն մեկ կազմակերպությունով եւ դիմել Ծրագրի մասնակից այլ վարկատուների: Լրացուցիչ հարցերի դեպքում Ծրագրի շահառուները կարող են դիմել նաեւ «Բնակարան երիտասարդներին» ՓԲԸ-ին` ք. Երեւան, Հանրապետության 22-7 հասցեով, կամ զանգահարել 010 56-07-41 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Նշենք, որ մայիսի 16-ի դրությամբ, «Բնակարան երիտասարդներին»  ՓԲԸ-ի կողմից վերաֆինանսավորված հիփոթեքային վարկերի քանակը կազմում է 404 վարկ` մոտ 3.2 մլրդ ՀՀ դրամ պայմանագրային գումարով: