Հայաստանի Հանրային խորհրդի պատվիրակությունը՝ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, մայիսի 12-13-ին Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի Հասարակական պալատի անդամների հետ:
ՀԽ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակությունը, որի կազմում են եղել ՀԽ անդամներ Խոսրով Հարությունյանը, Վազգեն Սաֆարյանը, Ռոբերտ Աթոյանը, Գրիգոր Բադիրյանը, մոսկովյան երկօրյա այցի ընթացքում հանդիպել են ՌԴ Հասարակական պալատի անդամներ` ակադեմիկոս Եվգենի Վելիխովի (ՀՊ քարտուղար), Միխայիլ Օստրովսկու (ՀՊ քարտուղարի տեղակալ), Վլադիմիր Գուտենեւի (ՀՊ անդամ, Արդյունաբերության արդիականցման հարցերով միջհանձնաժողովային աշխատանքային խմբի ղեկավար), Իոսիֆ Դիսկինի (ՀՊ անդամ, քաղաքացիական հասարակության զարգացման հարցերով հանձնաժողովի նախագահ) եւ Նիկոլայ Սվանիձեի («Հայելի» հաղորդաշարի քաղաքական մեկնաբան) հետ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ Հանրային խորհրդի եւ ՌԴ Հասարակական պալատի հաջորդ հանդիպումն անցկացնել այս տարվա աշնանը՝ Երեւանում:
Հանդիպում է տեղի ունեցել նաեւ Իսպանիայի Տնտեսական եւ սոցիալական խորհրդի պատվիրակության հետ` նախագահ Մարկոս Պենյա Պինտոյի գլխավորությամբ:




























