NEWS.am-ը մասնակի կրճատումներով ներկայացնում է Լեսլի Կոխի հոդվածը հրապարակված սինգապուրյան «The Straits Times» պարբերականում:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին Անիի լավ պահպանված շինություններից մեկն է: Այն գտնվում է Թուրքիան ու Հայաստանը  բաժանող կիրճի եզրին: Սահմանապահ աշտարակները լցնում են բնապատկերը: Անիի սառը օդում զգացվում են աշխարհաքաղաքական լարվածության հովերը: Հին հայկական թագավորության մայրաքաղաքը պատմության զգացում է ավելացնում արեւելյան Թուրքիայի այս հեռավոր անկյունի գեղեցկությանը:   
Լարվածությունը տարածվում է սահմանապահների աշտարակներից, որոնք սփռված են մուսուլմանական Թուրքիան եւ քրիստոնեական Հայաստանը բաժանող խորը կիրճի երկու կողմերում էլ:
Լարվածություն են տարածում նաեւ մեծ կարմիր նշանները: Դրանք զգուշացնում են, որ ռազմական գոտիում գտվող հազարամյա ավերակները փակ են եւ զբոսաշրջիկը գիծը խախտելու դեպքում կարող է հայտնվել հերթապահ զինվորի կրակի տակ:  
Դեռեւս 1970-ականներին Հայաստանի եւ Վրաստանի հետ սահմանակից Անատոլիայի այս հյուսիս-արեւելյան ամենահեռավոր հատվածը Սառը պատերազմի սահմանն էր եւ այստեղի գյուղաբնակներին սովորեցնում էին պատրաստ լինել այն օրվան, երբ Խորհրդային Միությունն ու ՆԱՏՕ-ն կհրթիռակոծեն քամիներից անպաշտպան այս սարահարթը:

«Երբ մենք երիտասարդ էինք մեզ սովորեցնում էին, թե ինչ անել շչակների ձայնի ժամանակ: Այստեղ ամենուր լեռներում կարելի է տեսնել ռազմակայաններ եւ դիտակետեր»,- ասում է զբոսավար Ջելիլ Էրսօղլուն: Նրա խոսքով, այն ժամանակ Անին փակ գոտի էր եւ առանց հատուկ թույլտվության չէր կարելի մտնել ավերակների տարածք եւ տեսնել գեղեցիկ մուգ-կարմիր շինությունները, որոնք ժամանակին եղել են Մետաքսե ճանապարհի բանուկ կանգառներից:

Թեեւ Սառը պատերազմը վաղուց ավարտվել է, սակայն դիտակետերն ու ռուսական ռազմակայանները մնացել են, քանի որ Թուրքիան ու Հայաստանն առաջվա նման չեն խոսում:

Հայաստանը մեղադրում է Թուրքիային 1915-ին Օսմանյան կայսրության վերջին օրերին հայերի ցեղասպանություն իրականացնելու համար: Թուրքիան վիճարկում է ցեղասպանության մեղադրանքները եւ պնդում է, որ թվերը չափազանցվում են եւ սպանությունները եղել են քաղաքացիական պատերազմի հետեւանք:

Երկու երկրների միջեւ հակասություններ կան նաեւ Թուրքիայի դաշնակից Ադրբեջանից անջատված հայաբնակ Լեռնային Ղարաբաղի պատճառով:

Հայ-թուրքական սահմանը մինչեւ այսօր փակ է եւ Ախուրյան գետի ափերը միացնող 10-րդ դարի կամուրջը փլվել է: Լարվածությունը չի կարող շեղել հյուսիս-արեւելյան Թուրքիայի արտակարգ վայրի գեղեցկությունից, որը խիստ տարբերվում է երկրի սովորական տուրիստական վայրերից` Ստամբուլից եւ Կապադովկիայից: Լարվածությունը նույնիսկ խորհրդավորություն է ավելացնում: Անատոլիայի հյուսիս-արեւելքը լցված է այդ խորհրդավորությամբ: Քամիներից չպաշտպանված անծայրածիր հարթավայրերի ֆոնին ընդգծվում են լեռների սպիտակ գագաթները: Այս տեսարանն ավելի շատ հիշեցնում է Մոնղոլիան, քան Ստամբուլը եւ մեզ վերադարձնում է այն հին ժամանակները, երբ քոչվոր կողոպտիչները Կենտրոնական Ասիայից ամբողջ թափով սուրում էին այս կողմ, որպեսզի դառնային այսօրվա թուրքերը:

Եվ այդ ամենը զուգակցվում է Անիում` հայ-թուրքական սահմանը մատնանշող կիրճի եզրին ծվարած ավերակներում:

Լինելով Բագրատունիների հայկական թագավորության քաղաքական եւ առեւտրային կենտրոնը` Անին 10-րդ դարում 100 հազարը գերազանցող բնակչություն ուներ: Սակայն երկրաշարժերը եւ հետագայում դարերով շարունակված ներխուժումներն Անին վերածեցին ավերակների: Հինգ հեկտար տարածքում ցաքուցրիվ են բյուզանդական եկեղեցիների, վանքերի, զորոաստրիական տաճարի, մզկիթների եւ խանութների փլատակները: Մի քանի շինություններ դեռ կանգուն են եւ գեղեցիկ որմնանկարները ճառագում են դարերի խորքից: