Ղարաբաղյան պատերազմի ազատամարտիկ Սամվել Միքայելյանը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան առջեւ այսօրվանից՝ մայիսի 18-ից, անժամկետ հացադուլ է սկսել: Պատերազմի մասնակիցը հացադուլն անցկացնելու վայրը մտածված կերպով է ընտրել։ Նրա խոսքով, ֆրանսիական իշխանությունները սիրում են իրենց քաղաքացիներին եւ մտածում նրանց մասին, ինչը չես ասի հայաստանյան իշխանությունների մասին:
54-ամյա ազատամարտիկը ցանկանում է անձամբ հանդիպել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյի հետ` խնդրելու իրեն այդ երկիր տեղափոխվելու հնարավորություն տալ։ Մինչ պատասխան ստանալը` Սամվել Միքայելյանը պատրաստվում է գիշերները լուսացնել դեսպանատան առջեւ գտնվող նստարաններից մեկի վրա:
Սամվել Միքայելյանի խոսքով, թեպետ ինքը վաղուց պայքարում է «գլխին ծածկ ունենալու համար, սակայն սայլը տեղից չի շարժվում»: Այս հարցի առնչությամբ նա հանդիպել է անգամ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, ներկայացրել իր խնդիրը: Բայց որքան ժամանակ է՝ իրեն բնակարան հատկացնելու խնդրանքին ոչ ոք ընթացք չի տալիս եւ չնայած որ ինքը հաշվառված է, շարունակում է ապրել «Հույսի ավան» թաղամասում` իր ծանոթներից մեկի տանը: «Պաշտպանության նախարարը դիմումը մակագրեց, իր ենթակայի վրա զայրացավ` ասելով, թե ինչու է այս մարդու վիճակն այսպես, ինչի մինչեւ հիմա բնակարանով չեք ապահովել, բայց այդ մարդիկ ինձ կոնկրետ պատասխան չեն տալիս, գրում են, որ սպասեմ հերթի»,- նշում է հիասթափված ազատամարտիկը:
NEWS.am-ի թղթակցի հարցմանը, թե պատրաստվո՞ւմ է արդյոք Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն ընդունել եւ լսել ազատամարտիկին, դեսպանատան լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրեցին, որ նման բան չի նախատեսվում։ «Քանի որ դեպքը վերաբերում է Հայաստանի եւ ոչ թե Ֆրանսիայի քաղաքացուն՝ մանավանդ բնակարան տրամադրելու հարցով վերջինս դիմել է Հայաստանի պաշտպանության նախարարին, դեսպանությունը չի կարող իրեն իրավունք վերապահել միջամտել Հայաստանի ներքին խնդիրներին»,- բացատրեցին դեսպանատանը։





























